ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի երեկվա հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին տարատեսակ մեկնաբանությունների և հետևությունների տեղիք է տվել ու դարձել մամուլի հրապարակումների հիմնական թեմաներից մեկը։
Ուզում եմ շեշտել, որ գնահատականների ու, այսպես կոչված, վերլուծությունների մեծ մասը հիմնազուրկ է և իրականության հետ քիչ առնչություն ունի։
Իրականությունն այն է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ղեկավար կազմը մշտական հանդիպումներ և քննարկումներ է ունենում ոչ իշխանական քաղաքական տարբեր ուժերի, ազդեցիկ գործիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Սփյուռքի հանրահայտ շրջանակների հետ։
Մենք մեր գործունեության մեջ ունենք հստակ սկզբունքներ՝ գործել հրապարակային քաղաքականության դաշտում և կարևորել մեր գործընկերների տեսակետներն ու ծրագրային մոտեցումները։
Կարդացեք նաև
Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր այն գործիչներին, ում անունն այս կամ այն կերպ մամուլը կապում է մեզ հետ՝ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Բաբայանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Սեյրան Օհանյանին, Արթուր Բաղդասարյանին, Խաչատուր Քոքոբելյանին և մյուսներին։
Հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին չկա որևէ պայմանավորվածություն նախընտրական դաշինքների վերաբերյալ։ Լինելու դեպքում այդ մասին, բնականաբար, կլինի հրապարակային հայտարարություն։
Հիշեցնեմ, որ մեր պաշտոնական մոտեցումը հետևյալն է՝ նպաստել հասարակական–քաղաքական լայն համախմբմանը և ԱԺ ընտրություններն օգտագործել մեր երկրում դրական փոփոխությունների հասնելու համար։ Մենք պատրաստ ենք նաև առանձին մասնակցել ընտրություններին՝ ներառելով անկուսակցական հեղինակավոր անձանց, սակայն կրկնեմ՝ մեր հակվածությունը դաշինքային տարբերակի կողմն է։
Ուզում եմ նաև կարևորել, որ մենք սկզբունքորեն մերժում ենք դաշինքների տարաբաժանումը ռուսամետների և արևմտամետների։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ երբեք մասնակիցը չի լինելու նման մոտեցմամբ միավորումների, առավելևս, որ հանրության բոլոր շերտերի մոտ աշխարհաքաղաքական բաժանումների թեման արդիական չէ։
Հանրությունն ունի այլ պահանջ և այլ սպասում, որոնք վերաբերում են ներքին կյանքին։
Լրատվական դաշտի իմ գործընկերներին կառաջարկեմ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն առնչվող հարցերի պատասխանները ստանալ միայն կուսակցության պաշտոնական հրապարակումներից։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ