Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատվենք քաղաքական իմպոտենտներից». 2 ընտրությունների չմասնակցող կուսակցությունը կդադարի գործել

Դեկտեմբեր 14,2016 17:24

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն է քննարկվում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, թե պատգամավորների ներկայացրած առաջարկություններից որոնք են ընդունել ու ինչ փոփոխություններ են կատարվել առաջին ընթերցումից հետո:

Լեւոն Զուրաբյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլ պատգամավորներ առաջարկել էին կուսակցությունների անդամների թիվը կրճատել, 1000-ից դարձնել 500: Նախարարն ասաց, որ 500-ը քիչ է, ամրագրել են 800 անդամ:

Օրենքում ամրագրել են, որ հիմնադիր անդամների նվազագույնը 100 ձայն է պետք, երբ որոշում է կայացվում կուսակցության ստեղծման մասին: Առաջին ընթերցման ժամանակ նշված էր, որ ընդհանրապես որոշումները պետք է ընդունվեին հիմնադիր անդամների միաձայն 100 կողմ-ի դեպքում: Հիմա դա փոխվել է եւ որոշումները կընդունվեն մեծամասնության սկզբունքով:

Նախագծով արգելվում է, որ մի անձը լինի տարբեր կուսակցության անդամ: Նախարարն ասաց, որ քանի որ չունեն մեխանիզմ վերահսկողության, կուսակցության 800 կամ հետո 1500 անդամի վերահսկողությունը չեն կարողանալու իրականացնել:

Նախագծում մի կարեւոր դրույթ են ավելացրել՝ կուսակցության կանոնադրությունը պետք է պարունակի կուսակցության ընտրական ցուցակների ձեւավորմանը վերաբերող դրույթներ՝ կուսակցության անդամների, տարածքային ստորաբաժանումների առաջարկների հիման վրա:

Կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված նույնպես փոփոխություն կա՝ 0.03-ի փոխարեն լինելու է 0.04 գործակից, որը ենթադրում է 20-25 մլն դրամի ֆինանսավորման ավելացում: Սահմանափակվել է անդամավճարների առավելագույն չափը, այն մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձանց դեպքում պետք է լինի 1 մլն դրամ, ոչ ավելի:

Առաջարկ է եղել, որ եթե կուսակցությունը 10 տարի անընդմեջ չի մասնակցում ընտրություններին, այսինքն՝ 2 անգամ չի մասնակցում, պետք է լուծարվի: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ամրագրել են այսպիսի դրույթ. «Եթե կուսակցությունը 2 անգամ անընդմեջ չի մասնակցում ԱԺ ընտրություններին, Երեւանի քաղաքապետի ընտրություններին կամ Գյումրիի, Վանաձորի ընտրություններին, դա կուսակցության գործունեության կասեցման հիմք է: Կասեցումը լինում է 1 տարի ժամկետով»:

ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը բողոքեց, թե նախագիծը գլխիվայր շուռ են տվել. «Անսպասելի էր առաջարկությունը՝ պայման դնել 2 անգամ անընդմեջ մասնակցելու ընտրություններին»: Նախարարն էլ հակադարձեց, որ գլխիվայր շուռ տալու մասին խոսք լինել չի կարող. «Եթե ինքը ունակ չի դաշինքով էլ մասնակցել ընտրություններին, միայնակ էլ մասնակցել, այդ դեպքում կուսակցության դերը ո՞րն է, որ 15 տարի շարունակ թռուցի՞կ բաժանի»: Նախարարն ասաց, որ Գերմանիայում 10 տարի անընդմեջ ընտրությունների չմասնակցող կուսակցությանն ընդհանրապես լուծարում են, իսկ իրենք գնում են կասեցման, ոչ թե լուծարման, որը բերելու է դաշտի բյուրեղացմանը:

Էդուարդ Շարմազանովն էլ հավելեց, որ իսկապես, եթե 10 տարի շարունակ կուսակցությունը ընտրությունների չի մասնակցում, սա խոսում է քաղաքական իմպոտենցիայի մասին. «Մենք պետք է ազատվենք քաղաքական իմպոտենտներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031