Հանրային տրանսպորտի խնդիրը դեռ չի լուծվել: Այս մասին դեկտեմբերի 14-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Նա նկատեց, որ հարեւան երկրներում այդ խնդիրը լուծված է. «Մեզ մոտ չգիտես, թե ինչու այդ գործընթացը կանգնեց մի մակարդակի վրա: Եթե հիշում եք, 2013 թվականին, երբ ուզում էին սակագինը 50 տոկոսով բարձրացնել, մեր բնակչության մեծ մասը պայքարեց եւ մնաց նույն գնին, դրանից հետո գրեթե ոչ մի փոփոխություն չի եղել տրանսպորտի բնագավառում: Ճիշտ է, վերջերս հայտարարություն եղավ փոխքաղաքապետի կողմից, որ փոփոխություններ պետք է լինեն, մինչեւ հիմա միայն լսել ենք, որ մեծ գումար է ծախսվել՝ մոտ 800 հազար դոլար, հետազոտություններ պետք է արվեն, թե ինչպիսին պետք է լինի մեր տրանսպորտը»:
Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ ուղեւորները գոհ կմնան, եթե վրացական մոդելը ներմուծվի Հայաստան. «Վճարման քարտային համակարգը ֆինանսական հոսքերի վերահսկում է իրականացնում, մինչդեռ մեզ մոտ վարորդին գումար ես տալիս, եւ չգիտես, թե ինչպես է այդ գումարը հատկացվում գծատերերին, վարորդին եւ ինչքանն է բյուջե մտնում: Իսկ քարտային համակարգի դեպքում այդ գումարը կվերահսկվի եւ հնարավոր կլինի տրանսպորտի որակը բարձրացնել: Միայն թե պետք է ցանկություն լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ