Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները

Դեկտեմբեր 14,2016 16:35

Դեկտեմբերի 12-ին ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի հովանավորությամբ՝ ՀԲԸՄ«Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ «Բազմազան զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» խորագրով քննարկում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը և «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Զրույցը վարեց «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց անկախության արժեքի և կարևորության մասին, նշելով, որ անկախությունը գերագույն արժեք է, կերտված ժողովրդի կամքով, ինչի արդյունքում աշխարհի տարբեր պետություններ ճանաչեցին Հայաստանն իբրև պետություն, և այն իր տեղն ու դերն ունեցավ միջազգային տարբեր հարթակներում: Անդրադառնալով Հայաստանի անկախության առաջին տարիներին վերաբերող հարցին` նախարար Հակոբյանը նշեց, որ նորանկախ երկիրը ստիպված էր հաղթահարել երկիրը մեր երկրին պատուհասած դժվարությունները՝ երկրաշարժ, Սումգայիթյան ջարդեր, փախստականների խնդիր, կենցաղային դժվարություններ, ճգնաժամային իրավիճակ, Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ և այլն:

Հրանուշ Հակոբյանը հատկապես շեշտեց, որ այդ օրերին Սփյուռքը օգնության հասավ Հայաստանին, կանգնեց նրա կողքին, որպեսզի հայրենիքը շարունակի ապրել՝ հավելելով, որ Սփյուռքը Հայաստանի իրական հարստությունը, ուժը և հավերժ ներկայություն է հայրենիքի կյանքում: Նա շեշտեց, որ այսօր չկա բնագավառ, ուր սփյուռքահայերն իրենց ներդրումն ու գործարարությունը չկատարեն: Նախարարը հաստատեց, որ այսօր գործադրվում է ամեն ջանք, որպեսզի հայրենիքը քաղաքականապես, տնտեսապես, զբոսաշրջության առումով բարեփոխվի և լինի ավելի հզոր ու համայն հայության իսկական հայրենիքը:
***
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի 20-24-ը Հայաստանում և Արցախում կազմակերպված Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի արդյունքներն ամփոփելու նպատակով համաժողովի մասնակիցները դեկտեմբերի 12-ին հանդիպում ունեցան Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, որին մասնակցեցին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը, «Ազդակ», «Արարատ», «Զարթօնք» օրաթերթերի խմբագիրներ Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը, համաժողովին մասնակցած լրագրողներ:
Լրագրողներն իրենց տպավորությունները, տեսակետները և առաջարկությունները ներկայացրին նախարար Հրանուշ Հակոբյանին: Նրանք նշեցին, որ լրագրողների համաժողովները բոլոր տեսանկյուններից արձանագրել են լավագույն արդյունքներ: Մասնակիցները կարևորեցին կազմակերպիչների հետևողականությունը և մասնակիցների թվի աճը, աշխարհագրության ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձան տեղեկատվական դաշտի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում աշխատելու արդյունավետության բարձրացմանը, որը նկատելի էր Ապրիլյան պատերազմի օրերին: Ըստ փորձագետների, հայկական տեղեկատվական դաշտը համարժեք դրսևորեց իրեն և այդ գործում մեծ դերակատարություն ունեցան լրագրողների համահայկական համաժողովները, փորձի փոխանակումը, քննարկումները և այլն:

Նախարար Հրանուշ Հակոբյանը օգտակար համարեց տարածաշրջաններում մամուլի ակումբների ստեղծումը, որը կարող է նպաստել տեղեկատվության ոլորտի խնդիրների արծարծմանն ու լուծմանը և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Այս առումով կարևորվեց օտար լրատուամիջոցներում աշխատող հայ լրագրողներին համահայկական լրատվական հանրության մեջ ներգրավելը, նրանց միջոցով հայկական խնդիրները օտարներին ներկայացնելը:

img_0214
***
Նույն օրը Լիբանանում ՀՀ դեսպանատանը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
Ողջունելով ներկաներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց հայկական երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Ներկայացնելով ցուցահանդեսի աշխատանքները, նախարարը նշեց, որ դրանք բաժանված են չորս մասի. առաջին մասը պատկերում է Հայաստանի զարգացումը, երկրորդը` մեր հերոսներին, երրորդը` մեր տնտեսական նվաճումները և վերջին մասը` ապագայի տեսլականը:

Բարձր գնահատելով Լիբանանի համայնքի գործունեությունը՝ Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց հայապահպանութեանն ուղղված նրանց անմնացորդ ջանքերի համար և համայնքի մի շարք ցործիչների պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պարգևներով: Նախարարը ՀՀ ՍՆ «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրեց Ազգային գործիչ, բարերար, «ԱՖՀԻԼ» («Armenian Fund for Health Insurance in Lebanon») հիմնադրամի տնօրեն Հակոբ Լադոյանին և ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային հանձնաժողովի փոխատենապետ Սիլվա Լիպարիտյանին: Ազգային «Լևոն և Սոֆիա Հակոբյան» քոլեջը և կրթության կազմակերպիչ, Հայ կաթողիկե «Մեսրոպյան» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի Մարիա Ապունայեան-Պեոճեքյանը, Հայ ավետարանական քոլեջի ուսուցչուհի Յասմիկ Թորոսյանը և ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան» վարժարանի արաբերենի ուսուցիչ Նորայր Պաղտասարյանը արժանացան ՀՀ ՍՆ Երախտագիտության մեդալի:
Սփյուռքի նախարարը ՀՀ ՍՆ «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանի լրատվական բաժնի պատասխանատու, ուսուցչուհի, թարգմանչուհի Լյուսի Տէօքմէճյանին, «Թռիչք» պարբերաթերթի խմբագիր Զապէլ Քէօշկէրեան-Ֆերմանյանին, Հայ կաթողիկե «Սրբոց Հռիփսիմեանց» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի, Լիբանանի ուսուցիչների միության անդամ, Ազգային «Նուբարյան-Խրիմյան» վարժարանի տնօրեն Վաչէ Հարմանտայյանին, Համազգայինի ճեմարանի և Ազգային «Աբգարյան» վարժարանի ուսուցչուհի Մարալ Խտրլարյանին, «Շամլեան Թաթիկեան» վարժարանի ուսուցչուհի Սօսի Ապահունյանին, լրագրող, հրապարակախոս, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների, Լիբանանի արաբական մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանին:
Գործարար, բարերար Թորոս Սիրանոսյանին Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց ՀՀ ՍՆ «Վիլյամ Սարոյան» մեդալով:

2015 թվականի «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության արդյունքներով հաղթող ճանաչված Գալպագյան ընտանիքը ստացավ «Լավագույն ընտանիք» մրցանակը:

img_121216
***
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 13-ին Ս. Խաչ-Հարպոյան վարժարանում մասնակցեց Հայ Կաթողիկե պատրիարքությանի հովանավորությամբ կազմակերպված պաշտոնական հանդիսությանը, որը նվիրված էր նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարմանը վարժարանի մասնակցությանը:
Վարժարանի տնօրեն Ռիտա Բոյաջյանը անդրադարձավ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանի և Սփյուռքի նախարարության միջև 2010թ. սկիզբ առած գործակցությանը, նշեց. «Մեր հայրենիքը զորանում է աշխարհի տարբեր անկյուններում հաստատված, բայց իրենց սիրտը միշտ Հայաստանով ու Արցախով բաբախող հայորդիներով, վարժարանս, այս հանդիսավոր պահին, իր ամբողջական աջակցությունն է հայտնում Արցախին նվիրված համահայկական շարժմանը»:
«Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման կապակցությամբ Ս. Խաչ-Հարպոյան վարժարանն իր համեստ լուման է տրամադում՝ գործնական մասնակցություն բերելով այս հսկայական ազգօգուտ ծրագրին: Վարժարանը որոշեց.
1. Մարտակերտի հանրակրթարան 2հ/դ հանրակրթարանն ընդունել իբրև քույր վարժարան և Բեյրութ հրավիրել այդ վարժարանի հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 3 մասնագետ՝ հատուկ դասընթացների հետևելու համար:
2. Արցախում գործող ներառական կրթության ծրագիր ունեցող 102 վարժարաններում զավակ ունեցող 423 ծնողների և այդ վարժարաններում գործող հատուկ կարիքներ ունեցող աշակերտների հետ զբաղվող 68 մասնագետների համար ուսուցողական հատուկ սեմինարներ կազմակերպել:
3. Արցախում հատուկ կարիքներ ունեցող 423 աշակերտներին նվիրել գրենական պիտույքներ:
Հայրենիք-Սփյուռք կամրջող նախաձեռնությունների մեջ իր անսպառ ջանքի համար Հրանուշ Հակոբյանը խրախուսեց Ռիթա Բոյաջյանին՝ Սփյուռքում այսքան օրինակելի դպրոց պահելու համար և նշեց. «Այս դպրոցն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժման գլխավոր մասնակիցը:Բոլորի հայացքը ուղղված է Հայրենիքին, որովհետև Հայրենիքն է բոլորիս իսկական թթվածինը, և «հետևաբար, մենք բոլորիդ սպասում ենք, կանչում և ասում՝ արի տուն»:
***
Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Համազգայինի «Լևոն Շանթ» կենտրոն: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ այն չորս գլխավոր սյուներին, որոնց վրա հայ ժողովուրդը Սփյուռքում կառուցել է հայապահպանությունը: Հայ լեզուն և հայ կրթությունը, հայ ընտանիքը, հայ մշակույթն ու հայ եկեղեցին տարբեր երկրներում հայերի համար դարձել են ինքնության և գոյության կռվան: Իսկ ինքնության պահպանման գլխավոր կենտրոնը հայ դպրոցն է, որն իր շուրջ է համախմբում համայնքն ու պայքարում լեզուն պահելու համար: Նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Մեր լեզուն ազգային արժեք է, որին պետք է տեր կանգնենք: Հայոց լեզվի անաղարտությունը, մաքրությունը և սերունդներին փոխանցելը մեզնից է կախված: Փառք ու պատիվ Համազգայինին, բոլոր ուսուցիչներին, տնօրեններին, որոնք ամեն ճիգ գործադրում են, որ ամեն հայի հայրենիքը համարվող հայոց լեզուն պահպանվի Միջին Արևելքում: Համազգայինը հայ մշակույթով փորձում է սերունդներին հայ պահել, որովհետև հայ մշակույթը ազգի անձնագիրն է»:
Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցությանը, որ դարձել է ազգային արժեք և իր ուղեկից ու քույր կառույցների միջոցով հաջողել է ցանցային լուրջ աշխատանք տանել ու նպաստել, որ հայկական համայնքները հայ մնան, հայ ապրեն, շնչեն և կապվեն Հայրենիքի հետ:

Եզրափակելով իր խոսքը՝ Սփյուռքի նախարարը մաղթեց. «Հայաստան, Արցախ և Սփյուռք միացյալ ուժերով, միասնաբար հզորացնենք Հայաստանի տնտեսությունը, ապահովենք Արցախի անվտանգությունը, միասին պայքարենք Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտպան և հետևանքների վերացման համար: Միասին համախմբվենք հայ եկեղեցու շուրջ, որ հավատքով պահենք և պահպանենք հայությունը: Հավատանք, որ ու՛ր էլ ապրենք, պետք է հպարտ լինենք Հայաստանով և հայությամբ»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031