Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՆ Ինֆորմատիկայի պետական քոլեջում ստորագրվեց հուշագիր՝ ԿԳ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ), «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության եւ Ինֆորմատիկայի պետական քոլեջի միջև: Ըստ այդմ, քոլեջի հիմքի վրա կստեղծվի Տեխնոլոգիաների առցանց Ակադեմիա:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, փաստաթղթի ստորագրումը ենթադրում է, որ ինֆորմատիկայի քոլեջում կտեղադրվի համապատասխան ծրագիր՝ կիբերանվտանգության վերաբերյալ եւ որը հնարավորություն կտա փորձնական փուլն իրականացնելուց հետո Ինֆորմատիկայի քոլեջում ներդնել նման մասնագիտություն: Նրա ձեւակերպմամբ, այդպիսով հնարավորություն կստեղծվի, որպեսզի ուսանողները սովորեն այդ մասնագիտությունը, ընդ որում՝ ոչ միայն Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողները: «Ցանկացած ոք, որ ուզում է ուսումնասիրել կիբերանվտանգության ոլորտը, որը նոր զարգացող եւ կարեւոր ոլորտներից մեկն է, կկարողանա նաեւ առցանց տեխնոլոգիաների միջոցով սովորել եւ ստանալ համապատասխան մասնագիտացում ու անցնել շուկայում աշխատանքի: Նման ծրագիրը «Սոֆթլայն Ինթերնեյշնլի» աջակցությամբ մեզ տրամադրել է Positive Technologies ընկերությունը, որը կիբերանվտանգության ոլորտի ապահովման առաջատար կազմակերպություններից է»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նա նաեւ շեշտեց, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում նման մասշտաբի ծրագիր է ներդրվում քոլեջում: «Կարծում ենք, որ այն ունի զարգանալու հեռանկարներ եւ կապահովի մասնագետների վերապատրաստում, ուսուցում, որոնք հետաքրքիր աշխատանք կունենան եւ բանկային ոլորտում, եւ տելեկոմունիկացիոն ու այլ համակարգերում»,- շեշտեց ԿՏԱԿ-ի տնօրենը:
Շուրջ 800 ուսանող ունեցող Ինֆորմատիկայի պետական քոլեջի տնօրեն Ռոբերտ Աբրահամյանի խոսքով, առցանց դասընթացները վաղուց իրականություն են եւ ակտիվ կերպով կիրառվում են ուսանողների կողմից, սակայն դրանք հիմնականում օտարալեզու ռեսուրսներ են: «Կարծում եմ՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում մեր ներուժը եւ համագործակցությունը միջազգային առաջատար ընկերությունների հետ թույլ կտան ունենալ նաև հայալեզու առցանց դասընթաց, որից կարող են օգտվել ոչ միայն մեր քոլեջի, այլև այլ կրթական հաստատությունների ուսանողները»,- նշեց պարոն Աբրահամյանը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը Հայաստանում գործող միակ պետական ուսումնական հաստատությունն է, որին 2014 թվականին համաշխարհային «GlobalGROUP» ընկերությունը շնորհել է ISO 9001:2008 սերտիֆիկատ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ