Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց մարզական տարին

Դեկտեմբեր 14,2016 16:19

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը սկսելուց առաջ ցավակցեց կյանքից անժամանակ հեռացած ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարազատներին՝ նշելով, որ նա ոչ միայն կյանքում եղել է փորձառու ղեկավար եւ ավագ ընկեր, այլեւ երկար տարիներ գլխավորել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան եւ անգնահատելի ծառայություն ունի հանրապետությունում ձմեռային մարզաձեւերի կայացման եւ զարգացման գործում:

Այնուհետեւ, Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձավ նախարարության բուն գործունեությանը: Նախարարությունը չորս կարեւորագույն ուղղություն ունի՝ մասսայական սպորտ, մասսայական սպորտ եւ հավաքական թիմերի համալրում, բարձր նվաճումների սպորտ, երիտասարդական քաղաքականություն: Նախարարը մեկ առ մեկ անդրադարձավ նշած թեմաներին, ներկայացրեց մոտ 100 օրվա ընթացքում ի հայտ եկած խնդիրները, դրանց լուծման համար կազմված ծրագրերը, արված աշխատանքները եւ ապագա անելիքները, որից հետո պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ ու բազմաբնույթ, այդ թվում նաեւ՝ սպորտից դուրս հարցերին:

Առաջին հարցը Պեկինի եւ Լոնդոնի մեր օլիմպիական մեդալակիրների արյան մեջ հայտնված արգելված միջոցների եւ մեդալները վերադարձնելու մասին էր, ինչը մեծ հարված հասցրեց Հայաստանի միջազգային հեղինակությանը: «Հեղինակությանը հարվածելու հարցին ես այդքան խիստ չէի մոտենա: ՀԱՕԿ-ում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է, թե այդ չարաբաստիկ դոպինգը ինչպե՞ս է հայտնվել մեր մարզիկների արյան մեջ եւ ո՞վ է դրա մեղավորը, որովհետեւ նրանք այն ժամանակ բազմաթիվ անալիզներ են հանձնել: Երբ օլիմպիական խաղերին պետք է մասնակցես, առնվազն մի յոթ թեստ ես հանձնում: Դա օրենք է: Իսկ արդեն օլիմպիական ավան մտնելիս հատկապես ծանրորդները պարտավոր են չորս օր շուտ ներկայանալ եւ այդ ընթացքում նվազագույնը երեք անալիզ տալ: Մեր մարզիկները դրանից հետո էլ մինչեւ 30 դոպինգ անալիզ են տվել եւ որեւէ անգամ նրանց մեջ դոպինգ չի հայտնաբերվել: Ցավում եմ, որ պետք է այդ մեդալները վերադարձվեն, բայց թե Հռիփսիմե Խուրշուդյանը, թե Տիգրան Գ. Մարտիրոսյանը մեզ համար մնում են մեր մեդալակիրները, որոնք ուրախության բազմաթիվ զգացողություններ են պարգեւել հայ մարզասերներին: Իմ կարծիքով, մենք պետք է նրանց օգնենք, որ կարողանան հաղթահարել այս հոգեբանական ճգնաժամը, բայց, ցավոք, շատ կայքեր ու այլ լրատվամիջոցներ հակառակն են անում: Տեսեք, ղազախստանցի ծանրորդ Իլյա Իլյինը երկու օլիմպիական խաղերում հաղթել էր ակնհայտ դոպինգ օգտագործած լինելով: Նրանից էլ են ետ պահանջել մեդալները: Բայց այնտեղ թե լրատվամիջոցները, թե ժողովուրդը Իլյինի պաշտպանության, աջակցության խմբեր են ստեղծել, միտինգներ եւ պիկետներ են անցկացնում, իսկ մեզ մոտ նման բան չկա, եթե չասենք հակառակն է»:

Հրաչյա Ռոստոմյանը խոսեց նաեւ այն մասին, որ մեզանում մարդիկ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով առողջարարական սպորտով շատ քիչ են զբաղվում եւ նախարարության գերակա խնդիրներից մեկը 2017 թվականին լինելու է նրանց այդ ոլորտ ներգրավելը, որ իրենք ԿԳՆ-ի հետ միասին ուսումնասիրել են հատկապես հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման, մեղմ ասած, խիստ անմխիթար վիճակը եւ այդ գործընթացում արմատական բարեփոխումների փաթեթ են կազմել: Նախարարի համար կարեւորագույն խնդիր են նաեւ, այսպես կոչված, արեւելյան մարտարվեստների կոնտակտային եւ ոչ կոնտակտային շուրջ 150 ֆեդերացիաները, որոնք սնկի պես աճել ու ներթափանցել են հանրակրթական դպրոցներ: Ու ոչ ոք չգիտի, թե դրանց մարզիչ կոչվողները, որ գործ ունեն մեր բոլորիս երեխաների հետ, մարզիչ-մանկավարժ աշխատելու իրավունք ունե՞ն, թե ոչ եւ ի՞նչ են սովորեցնում երեխաներին: Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց, որ դրա համար արդեն պատրաստված է լիցենզավորման նախագիծ, որը ուժի մեջ կմտնի արդեն եկող տարվանից:

Ասուլիսում բազմաթիվ հարցեր ուղղվեցին նախարարին, որոնք քաղաքականության ոլորտից էին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031