Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը շարունակում է պնդել, որ վտանգի ժամանակ Գագիկ Ծառուկյանին մենակ թողեցին

Դեկտեմբեր 14,2016 16:12

ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը շարունակում է պնդել, որ ժամանակին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բոլորը թողեցին մենակ: Այժմ էլ պարոն Իսագուլյանը հայտարարում է, թե չի վախենում ևս մեկ անգամ շեշտել, որ ինքը ժամանակին պաշտպանել է ԲՀԿ ղեկավարին:

«Հայելի» ակումբում նա մտահոգություն հայտնեց. «Երբ կա կարկանդակի բաժանում, բոլորն ուզում են ամենամեծ բաժինը ստանալ, բայց երբ վտանգ կա, որ դա կարող է վերածվել որոշակի իրավիճակի, որը կարող է զոհողություններ պահանջել, այդ զոհողությունը ոչ ոք պատրաստ չէ կիսել»:

Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ պարոն Իսագուլյանը նշեց. «Ցանկացած մեկի վերադարձը, գործունեությունը քաղաքական դաշտում ողջունելի է, եթե այդ պայքարը չի վերածվում պայքարի պետականության ու պետության դեմ»:

Իր` քաղաքականություն վերադառնալու մասին պարոն Իսագուլյանն ասաց. «Առայժմ ԼՂՀ պաշտոնյա եմ, ուշադրությամբ հետևում եմ այն գործընթացներին, որոնք ընթանում են Հայաստանում: Որոշում կայացնելու դեպքում դրա մասին կհայտարարեմ»:

Պարոն Իսագուլյանը նաև դրական է վերաբերվում ուժերի` դաշինքներ կազմելուն` կրկին ելնելով այն տրամաբանությունից, որ դրանք առողջ գաղափարախոսության վրա հիմնված լինեն և հանուն պետականության:

Դառնալով ԼՂՀ-ում իրավիճակին` Գառնիկ Իսագուլյանը հավաստիացրեց, որ կյանքը Լեռնային Ղարաբաղում եռում է, և այն թերությունները, որոնք բացահայտվել էին քառօրյա պատերազմի ժամանակ, ի չիք են արվում:

Պարոն Իսագուլյանը նշեց, որ հաճախ է լինում Արցախում, և տեսնելով, թե ինչպես են այնտեղ ամրացվում դիրքերը, թարմացվում զինտեխնիկան, զարմանում է՝ գալով Հայաստան և լսելով այստեղի պաշտոնյաների խոսակցությունները:

«Որոշ գործիչներ իշխանության դեմ պայքարը վերածել են պետականության դեմ պայքարի: ԱԺ-ից հնչում են այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր զինվորներին, նվաստացնում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հերոսությունները»:

Կարճ ակնարկ կատարվեց նաև լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպին: Պարոն Իսագուլյանը, ձեռնպահ մնալով մեկնաբանություններ անելուց, նշեց, որ ավելի մտաhոգիչ է, երբ ապտակներ են տրվում պետականությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031