«Կիբերհանցագործությունը թիրախավորված սկսվել է Հայաստանի վրա աշխատել»,- դեկտեմբերի 14-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ըստ նրա, մինչեւ 2016 թվականը մենք զոհ էինք հանդիսանում ուղղակի որպես ընդհանուր մարդկության մի մաս: Նա նկատեց, որ մինչ այդ կային նաեւ ադրբեջանական եւ թուրքական հարձակումներ, որոնք ունեին զուտ վնաս տալու բնույթ. «Սա նորություն է, այսինքն՝ մենք առաջին անգամ ենք հանդիպում Հայաստանի դեմ զանգվածային թիրախավորված հարձակումների: Իհարկե՛, դեռ շուտ է գնահատել, թե սրանք արդյոք Հայաստանում գործող խմբեր են, թե խմբեր են, որտեղ պարզապես հայեր կան: Եթե բանկային հարձակումների մասին խոսենք, ապա կարծում եմ՝ Հայաստանից չեն, բայց կոնկրետ Հայաստանի վրա են աշխատում: Մենք փաստացի ունենք կիբերհանցագործության ծնունդ, դա զարմանալի է, որովհետեւ աշխարհում հակառակն է եղել»:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ գրանցվել է նաեւ հաքտիվիզմի (հաքեր եւ ակտիվիզմ) ծնունդ. «Հաքտիվիզմի առաջին նշույլները «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ եղան, հաջորդը եղավ ՊՊԾ գունդի մոտ ոստիկանության բռնություններից հետո: Այս երկու դեպքերը շատ արտառոց էին. առաջին անգամ հայ հաքերները իրականացրեցին բացահայտ գործողություններ պետական կառույցների դեմ»:
Սամվել Մարտիրոսյանը համարում է, որ Հայաստանը վերջապես դառնում է համով պատառ. «Մենք 2010-ից նոր սկսեցինք աճել, փաստացի մոտ 2015-ին բնակչության կեսը մտավ համացանց: Հիմա այդ թիվը շատ ավելի մեծ է մոտ 70 տոկոսն է արդեն, իսկ դա նշանակում է, որ կիբերհանցագործները աշխատելու դաշտ ունեն: Երբ որ բնակչության հինգ տոկոսն է համացանցում, որոնք կիրթ մարդիկ են, իրենց դժվար է խաբել, իսկ երբ որ ոլորտ մտնում է ով ասես, բնականաբար, պարարտ դաշտ է ստեղծվում»:
Կարդացեք նաև
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ 2017-ին կիբերհանցագործները Հայաստանին շատ ավելի լուրջ հարվածներ են հասցնելու, պետք է դրան պատրաստ լինել: Սակայն ըստ նրա, մենք դրան պատրաստ չենք. բնակչությունը կրթված չէ. «Պետք է ունենալ ազգային կիբերանվտանգության կենտրոն, որը աշխարհում շատ ընդունված բան է, մեր հարեւան հանրապետություններում դրանք արդեն կան: Դրանք կենտրոններ են, որոնց իմաստը գլոբալ խնդիրներին դիմակայելը եւ հանրության իրազեկումն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ