Լրահոս
Օրվա լրահոսը

«Թրիքից էն յան բան չէին տեսել իրանց պապաները». Բիշարյանը՝ պաշտոնյաների պապաների եւ Մոնումենտի տների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2016 15:27

«Պաշտոնյաներ կան, որոնց անվան հետ կապված են այնպիսի սարսափելի թվեր, որ նույնիսկ մեր մտքով չի անցնում»,- այսօր ԱԺ-ում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքերով՝ մարդիկ կան, որ ազնվագույնի կոստյումը հագած այսօր ներկայացնում են, իբր թե ոչ նախկինում են թալանել, ոչ կոռուպցիայի հետ կապ ունեն, ոչ կաշառակերության, մինչդեռ դրանց կնքահայրերը իրենք են. «Այդ մարդիկ թարմացած հետ են եկել, լիքը թարմացած մարդիկ վխտում են, եկել են այսօր, ասում են ազատություն, անկախություն, չգիտեմ ինչ: Մեր ցավը անցյալում է, մեր ունեցածը թաղվել է անցյալում, հիմա ասում ենք եկեք հողից հանենք»:

Նա ասաց, որ պաշտոնյաները, իրենց պաշտոնները չարաշահելով, մարդկանցից ունեցվածք են խլում ու ոչ էլ պետքներն է. «Կոռուպցիոն ռիսկ է այս հսկայական բարեգործությունները: Մեկ էլ տեսնում ես՝ մեկը միլիոններով փող է թափում, մեկնումեկը չի հարցնում՝ հլը մի հատ արի տեսնեմ էդ ո՞ր փողերից ես բաժանում: Բարեգործություն ամենքս էլ սիրում ենք անել՝ մեր չափով: Մեկը 1000 դրամ դեղի փող է տալիս, որովհետեւ չունի դարսած բան, բայց էն մեկի դարսած փողերը պիտի հաշվի առնենք՝ որտեղի՞ց է դա»:

Հեղինե Բիշարյանը վստահ է, որ ընտրություններին, այսպես ասած, ռեյտինգային թեկնածուները «մեշոկներով փող են բաժանելու». «Հիմիկվանից մի հատ վերցնենք նայենք՝ որտեղի՞ց են բաժանելու: Կամ մի հատ տները վերցնենք. Մոնումենտով ես ամեն օր տուն եմ գնում-գալիս, հլը մի հատ վերցրեք նայեք՝ 20-30 միլիոնանոց շքեղ տներ, ներքին հարդարանքները…վարպետները դուրս են գալիս, ասում են՝ կիլոյով ոսկի են օգտագործում՝ պատերը ներսից զարդարելու համար: Ինչ է, հետները տանելու են էն աշխա՞րհ, ի՞նչ են անելու, որտեղի՞ց: Մեկին հացի փող չունի, մեկին ԴԱՀԿ-ն շպրտել է դուրս, մեկը ընտանիքն առել ու էս երկրից փախել է, զոհվածի ընտանիքին հացի փող չեն կարողանում տալ, մյուսն էլ ոսկեջրում է ամբողջ պատերը: Ախր ակնհայտ օրինակների հետեւից ո՞վ է գնում: Դրանք մեր պաշտոնյաներն են, չկա մարդ, որ անհայտ է այս երկրում իր ունեցվածքով: Թրամփի հոր նման միլիոններ են տվե՞լ, որ զարգացնեն, դառնան միլիարդատեր: Էդ ո՞ւմ պապաներն են միլիոնատեր եղել, որ այսքան տարի այս երկրի մարդ ենք՝ չենք ճանաչել իրանց պապաներին: Թրիքից էն յան բան չէին տեսել իրանց պապաները: Պատին ծեփում էին, որ հաց թխեին ուտեին, հիմա իրենց երեխեքը միլիարդատերեր են, միլիոնատեր չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031