Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց, որը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է: Կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դասասենյակներում ստեղծված պայմաններին, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ:
Շնորհակալություն հայտնելով ծրագիրը կյանքի կոչելու համար` դպրոցի տնօրենը նշել է, որ տասնամյակների կուտակված խնդիրներն անմխիթար վիճակ էին ստեղծել դպրոցում, փոխարենն այսօր հարմարավետ պայմաններ են ապահովվել կրթօջախ հաճախող բոլոր 820 աշակերտների համար: Ուսումնական գործընթացի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ են ապահովվել նաև կրթօջախի սպորտդահլիճում, շախմատի, համակարգչային, ֆիզիկայի կաբինետներում, մեծ դահլիճում ու դպրոցի գրադարանում: Տնօրենը նշել է, որ կրթօջախն իրականացնում է նաև ներառական կրթություն: Բացի այդ, գործում են մշակութային և սպորտային, ինչպես նաև երկարօրյայի անվճար խմբակներ:
Առանձնակի կարևորելով կրթօջախներում հարմարավետ պայմանների ապահովումը` Երևանի քաղաքապետը նշել է, որ կարվի հնարավորը, որպեսզի հաջորդող տարիներին շարունակվի այս մոտեցումն ու քաղաքապետարանը ևս մասնակից դառնա հանրակրթական դպրոցների վերանորոգման ծրագրերին:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն