Ռուսաստանի պետդուման վավերացրել է Հայաստանի հետ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միավորված ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Պայմանագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
«Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ՝ որպես Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգերի բաղադրիչ մաս»,- ասվում է օրինագիծը պարզաբանող փաստաթղթում:
ՀՕՊ տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրը կլինի. կազմակերպել և իրականացնել հակաօդային պաշտպանության մարտական պարեկություն Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում, մարտական կառավարման համակարգերը, ինչպես նաև ՀՕՊ զորքերի սպառազինությունն ու ռազմատեխնիկան պահել օգտագործման համար մշտական պատրաստականության վրա, համագործակցել հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի հետ:
Կարդացեք նաև
ՀՕՊ միավորված համակարգի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ ԶՈՒ օդա-տիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը: ՀՕՊ համակարգերի զորքերի համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը:
Կողմերի պաշտպանության նախարարները խաղաղ ժամանակ կազմակերպում են ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգերի զորքերի համատեղ օգտագործման պլանավորումը, դրանց համատեղ հակաօդային պաշպանության ռազմական պարեկությունը, համագործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական նախապատրաստումը՝ համապատասխան զինված ուժերի նախապատրաստման ամենամյա ծրագրի:
Պարեկություն կատարողների կողմից զենքի կիրառման կարգը կսահմանեն այն երկրները, որոնց օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ զենք է կիրառվում:
Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով՝ ավտոմատ կերպով ևս 5 տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ