«Երկրագնդի ամենաչքնաղ նախարար հարգարժան օրիորդ Հովհաննիսյան»,- ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում այսպես դիմեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսանին:
Նախարարը սկսեց ծիծաղել՝ ասելով. «Վատ հարց եք տալու, նախաբանը փորձում եք լա՞վ անել»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը:
Ուրիխանյանն ասաց, որ ինքը հայտարարել է՝ «780 հազար դոլար կերել են՝ ինչ-որ ծրագրի համար փող դուրս գրելով, դրանից ապօրինի էլ ի՞նչ: Բռնեք, հանցագործություն են անում»:
Կարդացեք նաև
Ըստ Տիգրան Ուրիխանյանի, պետք է նախագիծը լինի չհիմնավորվող հարստության մասին, ոչ թե ապօրինի, եթե ապօրինի է, դա արդեն հանցագործություն է, իսկ դրանով պետք է զբաղվեն իրավապահները:
Նախարարը պատասխանեց, որ ապօրինի հարստացում է համարվում չհիմնավորվող եկամտով հարստացումը: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կաշառք ստանալն ապացուցելը ամենադժվար ապացուցվող հանցագործություններից մեկն է, ուստի դրա համար փակում են ճանապարհը:
Տիգրան Ուրիխանյանը արձագանքման ժամանակ նորից շարունակեց նախարարին հաճոյախոսել. «Հիանալի է, երբ չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ