«Socar», թե «Գազպրոմ», միանշանակ՝ «Գազպրոմ», կամ այսպես ասենք՝ ցանկացած կազմակերպություն, բայց ոչ ադրբեջանական կամ թուրքական»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական գազը ՀՀ մատակարարող վրացական ընկերության բաժնեմասի 25%-ի հնարավոր վաճառքին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական «Socar» նավթագազային ընկերությունը նշյալ բաժնեմասը գնելու ցանկություն է հայտնել, սակայն ռուսական եւ այլ ընկերությունների պատրաստակամությունը բացառված չէ:
Շիրակ Թորոսյանն ընդգծեց, որ «Socar»-ն արդեն իսկ տնօրինում է Վրաստանի էներգակիրների որոշ ենթակառուցվածքները. «Եթե նրան հաջողվի ձեռք բերել նաեւ գազատարը, ապա Հարավային Կովկասում մենաշնորհային դիրք ձեռք կբերի: Հասկանալի է, որ սա ձեռնտու չէ Վրաստանին, որն էներգակիրների մասով ամբողջովին կախվածության մեջ կլինի Ադրբեջանից: Դա ձեռնտու չի լինի նաեւ Ռուսաստանին, քանի որ Ադրբեջանը կձգտի ռուսական գազը դուրս մղել տարածաշրջանից»:
Ըստ պատգամավորի, այդ դեպքում «Socar»-ը նաեւ կաշխատի խափանել Հայաստանի գազամատակարարումը, ինչից կտուժի «Գազպրոմ»-ը:
Կարդացեք նաև
Թորոսյանն ընդգծեց՝ 25%-ը դեռեւս չի նշանակում վերահսկիչ փաթեթ, բայց. «Եթե չպայքարենք 25%-ի դեմ, վաղը այն կարող է 30, 40% դառնալ: Այստեղ բարոյահոգեբանական խնդիր էլ կա: Պատկերացրեք՝ եթե անգամ 5%-ն է «Socar»-ը գնում, մենք տարանցման վարձ ենք վճարելու մի ընկերության, որի ֆինանսավորմամբ սպառազինվում է Ադրբեջանը: Ստացվում է, մեր վճարած փողից մեր զինվորի վրա կրակող փամփուշտ է գնվելու»:
Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Իրանը եւս դժգոհ կլինի, եթե Ադրբեջանը գնի գազատարի 25%-ը: Իսկ հայկական կողմի անելիքն է՝ բանակցել Վրաստանի իշխանությունների հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ