Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լ. Մկրտչյան

Դեկտեմբեր 14,2016 13:32

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և  ոլորտի այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական դպրոցների մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների հարցը, ներկայացվել են առաջարկություններ խմբեր կազմելու հիմնական մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ: Հիշյալ դպրոցների ցանկն առաջիկայում կհաստատվի, որից հետո խմբի լիդերության պատասխանատվությունը ստանձնած յուրաքանչյուր դպրոց խմբում ընդգրկված դպրոցների հետ համատեղ կմշակի տեսադասեր կազմակերպելու աշխատանքային ծրագիր և ժամանակացույց: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը, որպես խնդիր կարևորել է տեսադասերի գնահատման արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման մեթոդաբանությունը դեռևս մշակման և փորձարկման փուլում է. «Բովանդակային առումով կրթակարգի ամենասկզբունքային խնդիրն առարկայական խմբերի և բնագավառների ճիշտ համամասնությամբ բաշխումն է: Երկրորդն արդեն մեթոդաբանության խնդիրն է՝ մենք պետք է նախ մշակենք և դպրոցներին առաջարկենք տեսադասերի և  էլեկտրոնային կրթության մեթոդիկա: Հաջորդ ամենակարևոր խնդիրն էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է, որտեղ պետք է ներբեռնել կրթական ամբողջական և համակարգված բովանդակություն՝ ըստ առարկաների և դասարանների: Համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար: Ընդ որում բոլոր ուսուցիչներին պետք է տրվի, ինչպես համակարգից օգտվելու, այնպես էլ սեփական փորձն ու կարծիքն ազատ ամբիոնի ձևաչափով արտահայտելու հնարավորություն»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը նոր հանձնարարական է տվել՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը :

Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մասնագետների առաջարկությունները, ընտրվել է հեռավար և էլեկտրոնային կրթության համար առավել արդյունավետ համարվող առարկայախումբը/ «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/: Քննարկման մասնակիցներն առանձնակի կարևորություն են տվել տեսադասերի և հեռավար կրթության արդյունավետության խնդրին՝ ըստ դասարանների և հանրակրթության աստիճանների:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի»  նախագիծը, որը մշակվել է ԿՏԱԿ-ի կողմից:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031