ԱԺ-ում քննարկվում է պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ սա զսպելու է այն ախորժակը, որ ունեն պաշտոնատար անձինք. «Բայց որպեսզի հեղափոխություն լինի այս օրենքով, պետք է հետադարձ ուժ ունենա այս օրենքը, որովհետեւ երկրում ինչ կա-չկա, սաղ թալանին պրծան ապօրինաբար, 2 տասնյակ միլիարդից ավելի ՀՀ եղած-չեղածը արտերկրում է գրանցված՝ շուրջ 29 մլրդ, երբ 2.7 մլրդ է մեր բյուջեն: Եթե ուզում ենք իրականում գործ անենք, չեմ ասում բերենք դատենք այդ պաշտոնյաներին, բայց այնպիսի հնարավորություն տանք, որ այն պաշտոնյաները, որոնք այս տարիներին ապօրինաբար հարստացել են, երկրին հասցրել են այս վիճակին, այսինքն՝ մնացել ենք, մենք, ժողովուրդը ու Սեւանա լիճը, էլ բան չկա տանելու՝ գետնի երեսի եղածը, տակի ընդերքի եղածը ասում են փոշիացվեց, բայց իրականում թալանվեց: Հետադարձ ուժ տանք օրենքին, թե չէ էլ բան էլ չկա, որ տանեն ու ապօրինի հարստանան: Կարողանանք հետ բերենք տարածը»:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր կարծիքը այստեղ կարեւոր էլ չի, որովհետեւ գոյություն ունի ՀՀ Սահմանադրություն, որտեղ ամրագրված է՝ խստացնող, վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի: Խստացնո՞ւմ է սա՝ անկասկած այո, կարո՞ղ ենք հետադարձ ուժ տալ՝ ոչ:
Ինչ վերաբերում է նրան, որ էլ բան չկա երկրում տանելու՝ նախարարն ասաց, որ շատ ցանկացողը կարող է կառուպցիոն գործարքների մեջ մտնել եւ նորից ապօրինի հարստանալ:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանը պնդեց, որ նախկինում ապօրինի հարստացածների վրա նույնպես տարածվի օրենքը գոնե տուգանք սահմանեն նրանց համար եւ այլն: Արփինե Հովհաննիսյանը առաջարկից զարմացավ. «Քրեականացնում ենք, ի՞նչ տուգանք սահմանենք, ասենք՝ լավ, էլի, բեր ապօրինի հարստացածդ ու տուգա՞նք սահմանենք, նախ դա պիտի ապացուցվի օրենքով սահմանված կարգով»:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համաձայն էր Հովհաննես Մարգարյանի հետ, որ հետադարձ ուժ տան օրենքին. «Մի քիչ կվախենային այդ գողերը, պետական թալանչիները: Բայց եթե հետադարձ ուժ ունենա, այս երկրում ոչ մի պաշտոնյա չի մնա, բոլորին կսկսեն ձերբակալել, որովհետեւ բոլորը գողացել են»:
Արփինե Հովհանիսյանը պատասխանեց, որ մի պաշտոնատար անձ էլ ինքն է, բազմաթիվ պաշտոնատար անձինք էլ ԱԺ-ում են, նա հորդորեց բոլորին միասնական նույն արշինով չչափել, լավին լավ ասել, վատին՝ վատ:
Հեղինե Բիշարյանն էլ ճշտեց, որ նախկին պաշտոնյաներին նկատի ունի:
Հեղինե Բիշարյանն ասաց, որ այս օրենքից հետո պաշտոնյաները կսկսեն կանխիկ գումարը պահել, դուրս հանել երկրից ունեցվածքը, որ չերեւա: Նախարարը չհամաձայնեց. «Այդքան գումար բարձի տակ չես պահի, երբ որ դուրս հանեն՝ դա էլ է ստուգվելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Էս հասարակ տրյուկով՝ թե, ,,օրենքը հետադարձ ուժ չունի,, իրականում սրբագրվում ու օրինականացվում է տարածն ու թալանածը: Այ հեր օրհնածներ, իսկ մինչեւ հիմա ո՞ր օրենքով է թույլատրվել գողությունն ու թալանը: Չէ որ արդեն կատարված գողությունը կարելի է հանգիստ պատժել արդեն իսկ գոյություն ունեցող օրենքներով, եւ ոչ թե մեկնաբանել իբր թե ,,տարածը տարած է,, որովհետեւ նորով չի թույլատրում հին գողությունը պատժել, հին օրենքն էլ արդեն չկա! ՄԻԹԵ՞ ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՈՐ ՍԱ ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ: