Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը: Նախագծով 5 մ մլն դրամից ավելի ունեցվածքի ավելացման դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում օրինական եկամուտներին,նախատեսվում է ազատազրկում, պաշտոնից զրկում:
Էդմոն Մարուքյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ասաց, որ մամուլում էլ հրապարակումներ եղան, որ փոխառություններ՝ տոկոսով փող տվող պաշտոնյաներ կան. «Վստահ եմ, որ որեւէ մեկը որեւէ մեկին փող չի տալիս, ուղղակի գումարները հիմնավորելու համար ասում են փոխառություն է: Չե՞ք կարծում 5 մլն դրամը բավականին մեծ գումար է: Կարող է միլիոնատերերի համար 10 հազար դոլարը մեծ գումար չի, բայց ես կարծում եմ, որ որպես կաշառք, որոշակի ծառայություններ ստանալու կամ որպես գույք օգտագործելու առումով այդ գումարը շատ է»: Նա առաջարկեց շեմը նվազեցնել:
Նախարարը պատասխանեց, որ հայտարարագիր ներկայացնող ամենացածր եւ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողի աշխատավարձի միջին թվաբանականից 6 ամսով հանել են եւ ստացել 5 մլն շեմը: Նախարարն ասաց. որ պատրաստ է նաեւ քննարկել շեմն իջեցնելու առաջարկը:
Ինչ վերաբերում է տոկոսով փող տալուն, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պետք է ուսումնասիրվի, արդյոք այն մարդը, որը փոխառություն է տվել պաշտոնյային, ի վիճակի՞ է եղել նման փոխառություն տալ, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց. «Իքս պաշտոնյան, թղթերով իր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց ինքը ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ տղայի, մորաքրոջ հարսի, իր քեռու որդու, մերձավոր բարեկամների, մի 25 հատ էլ մեքենա ունի, որ իր վրա չի գրում, այլ՝ իր բարեկամների, հարեւանի տղու եւ մեկ այլի վրա: Մենք գիտենք, որ դե ֆակտո դա իրենն է, բայց դե յուրե իրենը չի, ի՞նչ ենք անելու մենք այստեղ»:
Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մինչեւ զոքանչի մակարդակ փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել աշխարհի որեւէ երկիր չի արել: Ես ուսումնասիրել եմ աշխարհի այն երկրների փորձը, որոնք փոխկապակցված անձանց շրջանակը ընդլայնել են: Մենք էլ ենք դա անելու, ներկայացվելու է նախագիծը, որ մարդկանց շրջանակը, ում անունով պաշտոնատար անձը կարող է ձեւակերպել, ընդլայնել»:
Նախարարն ասաց, որ քանի դեռ չեն անցել հայտարարագրման այն ինստիտուտին, որ կարող են ստուգել բոլոր քաղաքացիների հայտարագրերը, չկա որեւէ երկիր, որը գնացել է այդ քայլին: Միակ երկիրը, որը այդպիսի բան արել էր, Ռումինիան էր, հետ քայլ արեց: Ըստ Արփինե Հովհաննիսյանի, երբ արհեստականորեն փորձում ես սեղմել պաշտոնյայի շուրջ շրջանակը, միեւնույն է, նա փորձում է գտնել այլ շրջանակ, թե ում անունով կարող է դա անել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ