Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը, քաղաքականությունն ու ժողովուրդը

Դեկտեմբեր 14,2016 12:52

Այս թեմայով քանիցս որոշել եմ գրել, սակայն ձեռնպահ եմ մնացել` հույսով, որ երկրի, այսպես կոչված, քաղաքական այրերը խելքի կգան, ինչպես սիրում են արտահայտվել` դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը` քաղաքացին, որի հացը, արդար քրտինքը ուտում են, կերել են ու դեռ պիտի ուտեն: Ցավոք, երկրի քաղաքական այրերը միայն ուտելու տերն են:

Եվ այսպես, Հայաստանի անկախացմանը զուգորդած պարտադրված պատերազմը մեզ` պատմական լինել-չլինելու փաստի առջև կանգնեցրեց: Այն ժամանակի իշխանությունները, ի լրումն գործադրված ջանքերի, շրջափակված Հայաստան հաց հասցնելուն, քանզի երկրում ալյուրի պաշարները երբեմն մեկ-երկու օրվա էին, կարևոր մի քայլ ևս կատարեցին` ժողովրդին, չնչին հարկերի դիմաց, տնտեսական ազատություն շնորհեցին: Արդյունքում` լավ, թե վատ, ապրում էին բոլորը. ով ինչ կարող էր ներկրում ու արտահանում էր` ալյուրից մինչև բանան, շաքարավազից` մինչև ծխախոտ: Եվ չնայած պատերազմին` կյանքն ավելի տանելի էր:

Տեր-Պետրոսյանի ժամանակվա այս քաղաքականությունը իրեն արդարացրեց մինչև այն պահը, երբ վերջինիս շրջապատում սկսեց ծաղկել ամենաթողությունը, կաշառակերությունն ու կեղծարարությունը, երբ պատերազմ հաղթած ժողովուրդը բախվեց առաջին կեղծված ընտրություններին ու դեմ առ դեմ մնաց պետական պատժիչ մեքենայի հետ: Մանրամասները բոլորդ հիշում եք, ներկայացնելու կարիք չկա: Այստեղից էլ սկսվեց պետություն-հասարակություն օտարացման գործընթացը: Իշխանությունները սկսեցին վերարտադրվել, իսկ ընդդիմությունը վերածվեց իշխանական կերակրատաշտից օգտվող մենաշնորհային մի կառույցի, ժողովուրդն էլ` թե’ իշխանության և թե’ ընդդիմության համար` միմյանց հաթաթա տալու գործիքի:Հիշենք` սադոյաններ, գեղամյաններ, բաղդասարյաններ, ՀԱԿ, Դաշնակցություն, Ժառանգություն, և այսօր` գրեթե բոլոր ընդդիմադիր կոչվածները: Ժողովրդի ջանից փուշ հանող չմնաց:

Բոլոր ժամանակների քաղաքական իշխանությունները ձախողեցին ամենուր` տնտեսությունը զրոյացված է, մշակույթը` օտարերկրյա մուղամաթներով մեզ մատուցվող անորակություն է. մեղմ բառի համար` կներեք, կրթության բնագավառն անմակարդակ փորձադաշտի է վերածվել, արտերկրի փողերով, մի քանի տարին մեկ կրթական նոր համակարգեր են իբր ներդրվում, Գիտությունների ազգային ակադեմիան անդեմ ու անգետ մի կառույցի է վերածվել, եկեղեցին` անգլուխ, մոմավաճառ, հոգևորի հետ կապ չունեցող, մի կառույց, որ ծեծվող ու սպանվող ժողովրդի կողքին կանգնող հոգևոր հովիվ անգամ չունի: Այն, ինչ ունի` ո’չ հոգևոր է, ո’չ էլ` հովիվ: Մանր ու միջին բիզնեսը հոգեվարքի մեջ է: Ապաշնորհ հարկային և մաքսային քաղաքականության հետևանքով` բոլոր գործարարները ստիպված խաբում են: Մի պարզ օրինակ. որպեսզի ես իմ աշխատողին 2 միլիոն դրամ աշխատավարձ վճարեմ, պիտի գումարեմ ևս 800 հազար դրամ հարկ, որպեսզի աշխատողը «մաքուր» 2 միլիոն ստանա: Ո՞ր հիմարն այդքան աշխատավարձ ցույց կտա: Եթե հարկային այսպիսի քաղաքականությունը ընդունելի է զարգացած երկրներում, ապա այս փուլում, Հայաստանի համար` անպտուղ է:

Բոլոր բացերին,սակայն, քաղաքական իշխանությունները մեկ բացատրություն էին տալիս, թե` պատերազմող երկիր ենք, գումարները` բանակինն են: Եվ ահա, այս տարվա ապրիլին պարզվեց, որ սահմանին կանգնած զինվորը տարրական պաշտպանական հանդերձանք անգամ չունի: Փոխարենը` վխտում են նստատեղերը, մեղմ ասած, հաստացրած, գործարար-միլիոնատեր գեներալները, ովքեր ուղղակի պատասխանատու են կորցրած դիրքերի ու զոհված զինվորների արյան համար: 22 տարվա հրադադարի ընթացքում շատ մեծախոս գեներալներ տարբեր տեսարաններ ներկայացրեցին, սահմաններին խրոխտ հոխորտացին թշնամու ուղղությամբ, բայց նրանց կողմից երկու զեկուցագիր չեք գտնի, որում նշված է, թե այսինչ տեղում զինվորը զրահաբաճկոն չունի կամ տեսանելիության սարք:

Հասարակության հույսերը, որ այսքան տառապանքն ու անարդարությունը հանուն բանակի են` փչվեցին: Փոխարենը հաստատվեցին կասկածները, որ քաղաքական իշխանությունները մեզ պարզապես թալանում են: Մեր զինվորացու զավակները սրանց համար ընդամենը թնդանոթի միս են:

Ի՞նչ է ստացվում. մենք չունենք քաղաքական գործիչներ, ունենք մի համախումբ, որ տարբեր ճակատներում նույն գործն է անում` խաբում ժողովրդին, կեղեքում, ծաղրում պետականության գաղափարը: Վերջիններիս համար պետություն կոչվածը խոպան է` մեծ փողեր անպատիժ աշխատելու տարածք:

Ի դեպ, չմոռանանք ԱԱԾ և ոստիկանական համակարգերը, որոնք պարզապես քաղաքական էլիտայի հանցանքները կոծկող կառույցների են վերածվել: Առանց այս հանցակցության ոչ մի իշխանություն այսքան չէր գոյատևի:

Հիմա գանք հայտնի կոմբինատորի ասած` գաղջ մթնոլորտի «լուսավոր» կետերին: Նախ և առաջ, ապաշնորհ քաղաքական գործիչների լինելիությամբ է պայմանավորված գործարարների` քաղաքականության մեջ հայտնվելու հանգամանքը: Շնորհիվ քաղաքական ժուլիկների` երկրի գործարարներն իրենց պաշտպանված չեն զգում, և ունեցվածքը չկորցնելու ինքնապաշտպանական բնազդը, բնականաբար, վերջիններիս, ուշ թե շուտ, բերելու էր քաղաքականություն` իր բոլոր դրսևորումներով: Դե, իսկ եթե գործարարը քաղաքական դաշտում է` ինչու կուսակցություն չստեղծի ու պայքարի: Թե ինչ կատարվեց 2014-ին, մենք տեսանք: Ըստ Ծառուկյանի հայտարարության` ինքը դադարեցրեց պայքարը, քանի որ դեմ էր արյուն թափվելուն, բայց, արի ու տես, այսօր Ծառուկյանը 2-րդ անգամ է մտնում նույն գետը: Ինչ կստացվի` ցույց կտա ժամանակը: Այսօր ակնհայտ է` ժողովրդի մի ստվար զանգված դրական վերաբերմունք ունի Ծառուկյանի հանդեպ: Պատճառներն ակնհայտ են:

Նախ, մենք չունենք վստահելի քաղաքական գործիչներ, ինչպես հայտնի Պաղտասար Ախպարը կասեր` կինս իր պաշտոնի մեջ զլացել է, անառակություն է արել:

Լինելով գործարար` Ծառուկյանը առաջնորդվում է պարզ մարդկային հաշվարկներով. հասնում է Գյումրի, տեղում ճշտում, թե վագոն-տնակներում քանի քաղաքացի է ապրում, մի քանի միլիոն դրամ հատկացնում Գյումրու ներկայացուցչին, անկեղծանալով` Նոր Տարին մոտանում է, գոնե մարդկանց նվազագույն հոգսերը թեթևացրեք, ավելի լուրջ` հետագայում կխոսենք:

Ավելին, մինչև, օրինակ, Վանաձորի քաղաքային իշխանությունները նիստ կհրավիրեն, բոցաշունչ ելույթներ կունենան, այրված ու անտուն մնացած 4 ընտանիքներին օգնելու նպատակով` Ծառուկյանն ամենքին, առանց ավելորդ նիստ ու ժողովի, մի քանի հարյուր հազար դրամ է հատկացնում` թող տուն վարձեն ու Ամանորը նշեն, և սա այն դեպքում, երբ երկրի բազում նախկին ու ներկա պաշտոնյաներ միլիոնավոր դոլարների կարողություն ունեն, որ կուտակել են` այդ նույն տնակներում ապրողներից գողանալով, սակայն նեղն ընկած քաղաքացուն քոռ կոպեկ էլ չեն տրամադրի: Հետևաբար` Ծառուկյանի ձգողականության ուժը հաղթելու լուրջ հնարավորություններ ունի:

Այս պահին տարածվում են խոսակցություններ, թե Ծառուկյանը քաղաքականություն գալով` խլելու է ընդդիմադիրների ձայները և դրանք կիսի իշխանությունների հետ` նպաստելով գործող քաղաքական իշխանության վերարտադրությանը: Որ Հայաստանի չստացված ընդդիմադիրների շատ կողմնակիցների ձայներ կգնա Ծառուկյանին` ակնհայտ է, քանզի ժողովուրդը երկար տարիներ տեսնում է, որ պարտված ընդդիմությունը հետագայում լավ էլ համագործակցում է իշխանությունների հետ:

Ընդդիմության և իշխանության աքլորավարի ելույթներն ընտրողներին իրատես են դարձրել, և խնդիրը միայն բարեգործ-մեծահարուստի պահվածքը չէ, այլ քաղաքականների վստահություն չներշնչող կերպարը:

Կգնա արդյոք Գագիկ Ծառուկյանը ձայները հանրապետականների հետ կիսելու և վերջիններիս վերարտադրությանը նպաստելու ճանապարհով, ցույց կտա ժամանակը: Բայց, որ այդ դեպքում երկրում իրավիճակն ավելի պայթյունավտանգ կդառնա և երկրորդ սասնածռությունը առավել կազմակերպված և արյունալի կլինի, կարող ենք գուշակել գրեթե անսխալ, քանզի հասարակության համար կառավարման այս համակարգը և քաղաքական իշխող վերնախավը վաղուց նույնացվում է թշնամու կերպարի հետ:

Եվ այսպես, մենք չաշխատող համակարգի դեմ ունենք ճկուն մտածող գործարար, և թե ինչի կհասնենք, կդիմանա գործող ապականված համակարգը 17-ի որոշիչ ընտրություններին` կտեսնենք:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031