Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ քաղաքական դաշինքը արդեն խորհրդարանական գործունեության մեջ պարզապես սպառվում է. «Փաստ»

Դեկտեմբեր 14,2016 12:14

Այս դիտարկման մեջ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի, որի մասին հաճախ քիչ է խոսվում։ Խոսքը վերաբերում է, այսպես ասած, դաշինք կազմող ուժերի քաղաքական ազնվությանը, ընդ որում ազնվությանը ոչ թե իրենց նպատակների կամ միմյանց հանդեպ, այլ հասարակության և ընտրողի նկատմամբ։

Որպես կանոն, դաշինք կազմող քաղաքական կուսակցությունները նման քայլի են գնում հիմնականում ընտրական շեմը հաղթահարելու, ռեսուրսների՝ այդ թվում և ֆինանսական միջոցների միավորման նպատակով։ Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ այս խնդիրների հաղթահարումից հետո քաղաքական դաշինքը արդեն խորհրդարանական գործունեության մեջ պարզապես սպառվում է։ Սակայն միաժամանակ այդ դաշինքը կազմող ուժերը հանդես են գալիս իշխանափոխության, իշխանությանը այլընտրանք դառնալու հավակնություններով, ինչը պարզապես իրատեսական չէ, և ըստ էության, նման քարոզչությունը որոշակիորեն մոլորեցնող շեշտադրումներ է ստանում։

Ուստի, այս տեսանկյունից պետք է ասել, որ հասարակության աչքին թոզ փչելու իշխանության «մենաշնորհը» ընդդիմադիր դաշինքը վերցնում է նաև իր վրա, ինչի հետևանքով հերթական հիասթափություն է հասունացնում։ Նման պայմաններում թվում է, թե ընդդիմությունը կամ ընդդիմադիր դաշինքը առաջինը պետք է շահագրգռված լինի քաղաքական մշակույթի ձևավորման հարցում և հրապարակային քաղաքական գիծ տանի։ Այսինքն՝ առավել ցանկալի տարբերակն այն կլինի, որ առկա և առաջիկայում ձևավորվելիք դաշինքները և ընդհանրապես մյուս բոլոր ուժերը բացեիբաց շեշտեն իրենց դաշինք կազմելու նպատակները, իրենց խնդիրները և այն հարցերի շարքը, որոնք ի զորու են իրապես լուծել։

Այստեղ, իհարկե, կա խնդիր, քանի որ բավական պատասխանատու է քաղաքական ուժի համար հայտարարել, որ ինքը պայքարում է ոչ թե իշխանություն դառնալու, այլ Ազգային ժողովում իքս քանակի մանդատներ ունենալու համար, որոնցով կարող է լուծել որոշակի խնդիրներ, սակայն մյուս կողմից նաև հենց այսպես պետք է կայանա հրապարակային քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը, մնացած բոլոր դեպքերում հասարակությունը հայտնվում է տուժողի դերում։

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031