Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապացուցիր, որ օրինական է. Ապօրինի հարստացած պաշտոնյաներին սպառնում է ազատազրկում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2016 12:09

Կառավարությունը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագիծը եւ առաջարկում է «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ներկայացնող անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա եկամուտները: Պատասխանատվությունը կկիրառվի այն ժամանակ, երբ ողջամտորեն չի հիմնավորվում պաշտոնյայի հարստացումը իր եկամուտներով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող մյուս հանցագործությունների հատկանիշները բացակայում են:

Ապօրինի հարստացման համար նախատեսվում է պատիժ ազատազրկում եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:

Նախարարն ասաց, որ ամենավիճելի, ամենախնդրահարույց ամենաշատ քննարկված հարցերից մեկը ապացուցման բեռն է եւ անմեղության կանխավարկածի հարաբերակցությունը: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ տարբեր երկրներում իրենց իրավական համակարգի առանձնահատկություններից ելնելով են սահմանում այն: ՀՀ Սահմանադրությամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը ամրագրված է: Բայց Եվրոպական դատարանը պրակտիկայում եզրակացության է եկել, որ դեպքեր կարող են լինել, որ ապացուցման բեռը դրվի ոչ թե համապատասխան մարմնի, այլ իրավասու պաշտոնատար անձի վրա: Առաջարկվող նախագծով վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է պարտականություն ապացուցելու, որ պաշտոնատար անձն ունի գույքի էական ավելացում կամ ունի պարտավորությունների էական նվազում, որոնք չեն համապատասխանում նրա հայտարարագրված օրինական եկամուտներին:

Այսինքն, սկզբունքորեն խոսքը նրա մասին է, որ եթե պաշտոնատար անձը հայտարարագրում է որոշակի օրինական եկամուտներ եւ իրավասու պետական մարմինը իրեն հասանելի բոլոր միջոցներով պարզում է, որ այն օրինական եկամուտները, որոնք հայտարարագրված են, չեն համապատասխանում նրա ունեցած գույքին, պաշտոնյան կարող է կամ լռել, կամ ասել, օրինակ, որ ինքը այլ օրինական եկամուտներ էլ ունի, որոնք մոռացել է հայտարարագրել: Պաշտոնատար անձը տվյալ դեպքում պարտավոր է ապացուցել, որ գույքի ավելացումը կամ պարտավորությունների էական նվազումը օրինական եկամուտներով են պայմանավորված, որն ինքը հայտարարագրած չի եղել:

Վարույթն իրականացնող մարմինը ՀՔԾ-ն է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031