Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ

Դեկտեմբեր 14,2016 11:21

Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:

Այցի առաջին օրը Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի բարեկամական շրջանակների միջև համագործակցության ծրագրերը և նախանշվել են գալիք տարվա անելիքները՝ մի քանի կոնկրետ ուղղություններով:

Աշոտ Ղուլյանն այնուհետև այցելել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանին: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել դեսպանության և Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության փոխգործակցության ներկա մակարդակը: Ադրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման համատեքստում:

Երեկոյան Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ և նրանց հանձնել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված պարգևները:

Ֆրանսիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, Արցախի ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում ծանրակշիռ ավանդի և միջազգային ճանաչմանը նպաստելու համար արժանացել են «Երախտագիտություն» մեդալների:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Սփյուռքի և, մասնավորապես, ֆրանսահայության դերը՝ Արցախի զարգացմանը սատարելու և համազգային ծրագրերի միջոցով Հայրենիքի այդ հատվածը շենացնելու  գործում:

«Շնորհված պետական պարգևները Արցախի ժողովրդի և իշխանությունների գնահատականն է այն մեծ նվիրումի, որը, տարիներ շարունակ, դուք ցուցաբերել եք ազատության ու անկախության արդար պահանջների համար պայքարող արցախահայության հանդեպ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Փարիզում տեղի ունեցած բոլոր հանդիպումներին և քննարկումներին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031