ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի սկզբից Երեւանում բոլոր ցանկացողների համար յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են առողջարարական անվճար մարզումներ, որոնք միանգամայն անշահախնդիր անցկացնում են Հայաստանում աէրոբիկայի եւ ֆիթնեսի տարբեր ուղղությունների միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետները: Քիչ ավելի ուշ այս ծրագրին միացել է նաեւ սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան:
Հենց առաջին օրվանից տարբեր տարիքի ու սեռի մի քանի տասնյակ մարդ ներգրավվեց այդ մարզումներում ու մինչեւ այսօր նրանք մեծ սիրով պարտաճանաչ հաճախում են:
Aravot.am-ը, որ պարբերաբար լուսաբանում է նախաձեռնությունը, տեղյակ է, որ առողջ ապրելակերպով զբաղվելու ցանկություն ունեցողների քանակը հենց սկզբից գերազանցել է բոլոր սպասելիքները: Ավելին, նրանց չեն խանգարում ոչ ցուրտը, ոչ անձրեւն ու ձյունը: Ամեն բան համոզվածություն է ներշնչում, որ եղանակները տաքանալու հետ նրանց թիվը կբազմապատկվի: Առավել եւս, որ մարզվողներից շատերն արդեն իրենց հետ բերում են հարազատներին, ընկերներին, ծանոթներին, անգամ երեխաներին, որոնց համար առանձին հատուկ ծրագիր է մշակվել:
Սպորտի եւ երիտասարդության նախարարութան աշխատակիցները եւ մարզումներն անցկացնող մարզիչները երեկ հանդիպեցին լրատվամիջոցների հետ՝ խոսելու նախաձեռնության նշանակության, առաջին արդյունքների մասին: Մարզիչներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մրցաձեւի առանձնահատկությունը, առաջարկվող վարժությունների էությունը, թե դրանք մարմնի որ օրգաններն ու մկաններն են ակտիվացնում եւ ինչպիսի դրական ազդեցություն են ունենում ընդհանուր օրգանիզմի վրա:
Կարդացեք նաև
Aravot.am-ը, ողջունելով նախաձեռնությունը եւ մաղթելով, որ առողջ ապրելակերպով վարակվածներն այնքան շատանան, որ դա վերածվի համաճարակի՝ հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, վտանգ չկա՞, արդյոք, որ մարդը գալիս է մարզվելու, բայց, գուցե, դա նրան հակացուցված է, եւ ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե ում՝ ինչ ծանրաբեռնվածություն կարելի է տալ, մանավանդ, որ մարզվողները ֆիզիկական պատրաստվածության տարբեր աստիճան ունեն:
«Համացանցով տարածվող մեր հրավերում յուրաքանչյուրին առաջարկվում է մինչեւ մարզման գալը նախապես խորհրդակցել բժշկի հետ: Բացի դա, մենք ամեն մի նորեկից հետաքրքրվում ենք նրա առողջությունով՝ մարզումների փորձառություն ունի՞, թե՞ առաջին անգամ է հաճախում եւ ըստ այդմ էլ նրան ընդգրկում ենք համապատասխան խմբում. սկսնակների, միջին ֆիզիկական հնարավորություն ունեցողների կամ փորձառուների: Դրանից բացի, վարժությունների ինտենսիվությունը, որ մենք առաջադրում ենք, ամենեւին էլ պարտադիր չէ մինչեւ վերջ կատարել: Յուրաքանչյուրն անում է այնքան, որքան այդ պահին կարողանում է», – պարզաբանեցին մասնագետ մարզիչները:
Հաջորդ հարցին, թե արդեն երեք ամսվա մարզումներից հետո իրենք մշտական մարզվողների մեջ դրական փոփոխություն տեսնում են, բանախոսները պատասխանեցին. «Այո: Մեծ մասը նիհարել ցանկացող կանայք ու աղջիկներն են: Նրանցից շատերը սկզբում ոչ միայն չէին կարողանում կատարել ամենատարրական վարժությունները, այլեւ չէին էլ պատկերացնում, որ երբեւէ ի վիճակի կլինեն: Իսկ այսօր այդ նույն կանայք ու աղջիկները եւ «ձգել են» կեցվածքը եւ ավելի բարդ առաջադրանքներն են կատարում»:
Aravot.am-ի վերջին հարցին, թե առողջ ապրելակերպի քարոզչությունը ուղղված է միայն ուրիշների՞ն, թե՞ տարածվում է նաեւ նախարարության աշխատակիցների վրա, նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Կյանքը՝ սպորտի ռիթմով» նախաձեռնության գաղափարի հեղինակը, կազմակերպիչն ու ամենաակտիվ մասնակիցը նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանն է: Բայց մեր աշխատակիցներից շատերը, այդ թվում նաեւ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, այս նախաձեռնությունից դեռ շատ առաջ ամեն շաբաթ աշխատանքից հետո պարբերաբար զբաղվում են սպորտով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ