Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած մարդ ինքն է ընտրում

Դեկտեմբեր 14,2016 10:29

Ադրբեջանական քարոզիչ Վահան Մարտիրոսյանին ես չեմ ճանաչում որպես քաղաքացիական ակտիվիստ: Ես նրան ճանաչում եմ որպես մարդ, որը ցինիկ ձեւով չարաշահել է իմ բարեկամ Ռուզան Մարգունու բարությունն ու վստահությունը եւ կողոպտել է նրան: Սյուզան Ջաղինյան անուն-ազգանունով լրագրողի մասին ես ընդհանրապես չեմ լսել` չնայած վաղուց այդ գործի մեջ եմ: Եթե նա էլ է խախտել ՀՀ օրենքները, ապա, այո, մեր իրավապահները պետք է զբաղվեին նրանցով, եւ շատ վատ է, որ չեն զբաղվել: Ենթադրում եմ, որ միայն նրանց արարքները չէ, որ Հայաստանում անպատիժ են մնում:

Բայց երբ նրանց Բաքու տեղափոխվելը եւ այնտեղից հօգուտ Ադրբեջանի քարոզելը դառնում է հայերի կողմից բուռն քննարկումների եւ դատապարտումների առարկա, դա ինձ, ճիշտն ասած, զարմացնում է: Ամեն մարդ իր բնակավայրն ընտրելու իրավունք ունի` այդ նորմը կա նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ: Մարդիկ Հայաստանից գնում են, ասենք, Գլենդեյլ եւ հետո սոցիալական ցանցերում գրառումներ են անում, թե «այստեղ` Գլենդեյլում, մեզ համար լավ է, իսկ այնտեղ` Հայաստանում, վատ էր»: Դա մեզանում բացասական էմոցիաներ չի առաջացնում, հակառակը` երբեմն նույնիսկ քաջալերում ենք այդ մարդկանց` «տեսնո՞ւմ եք, ինչ մտահոգ հայեր են, իսկական հայրենասեր են, մի երկու բաժակ խմելուց հետո հայհոյում են Հայաստանի իշխանություններին, ուրեմն հայրենիքը նրանց սրտներում է»: Հիմա երկու հոգի էլ իրենց Բաքվում են ավելի լավ զգում, քան Երեւանում, ավելի կուշտ, ավելի տաք, գուցե «մտածում են իրենց երեխաների ապագայի մասին»: Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մե՞ջ ենք` ճիշտ է: Բայց նորաթուխ բաքվեցիներին դա չի հուզում: Ինչո՞ւ պետք է այդ մարդիկ մեզ հուզեն: Ամեն մեկն ինքն է ընտրում` որտեղ ապրի, ինչը գովերգի, ինչը փնովի:

Քարոզչության մասին: Ադրբեջանում լրատվամիջոցները քիչ են, հիմնականում քարոզչամիջոցներ են: (Հայաստանում էլ  իսկական ԶԼՄ-ները շատ չեն): Այն, որ հարեւան երկրում քարոզչամիջոցներն օգտագործում են ցանկացած եղած կամ չեղած առիթ Հայաստանի մասին ինչ-որ վատ բան ասելու համար՝ նորմալ է: Մեր քարոզչամիջոցներն էլ, հավանաբար, պետք է այդպես վարվեն: Երեւի անում էլ են` ինձ, ճիշտն ասած, դա հետաքրքիր չէ, որովհետեւ լրագրությունն ու քարոզչությունը բացարձակապես տարբեր, ինքնուրույն ոլորտներ են: Չեմ կարող, իհարկե, չնկատել, որ այստեղ` Հայաստանում քարոզչամիջոցները զբաղված են իշխանությանը կամ ընդդիմությանը գովազդելով կամ հակագովազդելով: Էլի գործ է` մնացած գործերից ոչ լավը, ոչ էլ վատը:
Վերջում ուզում եմ հարց տալ իսկապես մտահոգված մարդկանց: Ո՞վ է Հայաստանի անվտանգությանը ավելի մեծ վնաս տալիս` հայկական ազգանուններով ադրբեջանական քարոզիչնե՞րը, թե՞ փորները տնկած եւ չորսհարկանի պալատներ կառուցած հայ գեներալները:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Հարգելի Արամ, Ձեր նշած անձանց ես նույնպես չեմ ճանաչում, սակայն ինչ որ հայտնի է նրանց մասին ( ԶԼՄ – երից միայն) բնական հարցեր են առաջացնում, որոնք Ձեր գրող եղբայրությանը կարծես չեն էլ հետաքրքրում, բավարարվելով միայն հայհոյելով ազգի դավաճաններին: Չգիտեմ, չեն հասկանում, թե չեն ցանկանում հարցի խորքը մտնել: Այն, որ Վ. Մ. – ն հիմա մեծ ծառայաթուն է մատուցում թշնամուն, կարծում եմ զարմանալի չպիտի լինի ոչ մի դատող մարդու համար: Մարդը իրենց ձեռքում է ոտքով, գլխով ու ամբողջ ընտանիքով, բնականաբար պիտի անի ինչ որ պահանջեն, միթե պարզ չէ? Հարցի կարեւորությունն այն պիտի լինի, թե տվյալ անձինք (որոնք մեր ազգից են) ինչպես, ինչ հանգամանքներով, ում մեղքով են նման աներեւակայելի քայլի դիմել? Չե որ նրանք կամովին հայրենազրկվել ու դավաճանի պիտակի տակ են մտել, եւ միթե միայն դրամի համար? Ինչու չի ասվում մինչ այդ ինչեր են տեղի ունեցել իրենց հետ, ում կողմից եւ ինչ հոգեվիճակի են հասցվել եւ այլն? Եթե այս մասին չմտածենք, ապա գուցե մի օր տեսնենք որ հայ ազգի 80% – ը գերադասում է ուրիշի մոտ ծառա լինել ու դավաճան կոչվել, քան թե ենթարկվել ազգակից բռնաբարիչներին …

  2. Բալաբեկ says:

    Միանում եմ Գեվորգի ասածին, լավ կլիներ եթե փորձեիք ներկայացնել նաև նորաթուխ բաքվեցիների տեսակետը:

  3. Ruben says:

    Վնասատու քարոզիչներին թողնենք Բաքվին, Անկարային եւ ՀՀ Ազատիչի Արարած
    Ծռերին:
    Հարց գեներալներին`.
    Հասկանալի է, որ Խաչատուրովը ճակատային գծում «մեշոկ» բացելը սովորել էր Վազգեն Սարգսյանից (Արծվաշեն, 1992թ.): Ապրիլին (2016թ.), գլխավոր շտաբում, բոլո՞րն էին Խաչատուրովներ:
    Թե՞ հույս ունեք քիրվա դառնաք, կա՞մ էլ ցվրվեք սփյուռք տերտերների ու դաշնակների պես եւ վայելեք ավարը:
    Փորձեք, բայց հնարավոր է փորձը փորձանք դառնա…

  4. Հ.Շ. says:

    Անպաշտպանելին պաշտպանել ջանալը կարող է քաջութիւն լինի, սակայն երբեմն կարող է նաեւ մտքի ուժի կամ գրիչի կարողութեան գերգնահատանք հանդիսանալ – որու շնորհիւ մարդ կը հանդիպի իր սահմաններին (որ բոլորս ալ ունենք, անշուշտ) – :

    Հայերի կողմէ խնդրոյ առարկա անձերի եւ նրանց նմանների նկատմամբ խոր զզվանքի, նողկանքի եւ ցասումի – շատ ել բնական եւ իրավացի – զգացումների պատճառը, պարզ է թէ Հայաստանի անվտանգությունը չէ:

    Այդ բացարձակապէս գարշելի, ծայրագոյն մակարդակի ստորին եւ անբարո վարքագիծը «հարաբերականացնելու» միտող բաղդատականները համոզիչ չեն, բնաւ: Որովհետեւ բարոյական անկումը տարբեր չափեր, աստիճաններ ունի: Ինչպէս որ դժոխքն ալ աստիճանական շրջանակներ, ըստ Դանտեի:

  5. Մեսրոպ Թումանյան says:

    Ամեն ինչի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են: Նրանց չի հուզում արտագաղթը: Արդեն քանի տարի է, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը արտագաղթն է, իսկ երկրի ամենաբարձր պաշտոնյաները գոնե մեկ անգամ դա չեն դարձրել քննարկման առարկա: Այստեղից չի՞ կարելի եզրակացնել, որ նրանք կատարում են մեր թշնամիների կողմից իրենց պարտադրած Հայաստանի հայաթափման ծրագիրը: Մենք անընդհատ քննադատում ենք «մեր» իշխանություններին, բայց նրանք քննադատության չէ որ պետք է արժանանան: Երկիրը կործանման տարած իշխանություններն ու կուսակցությունները պետք է դատվեն և պատասխան տան: Ադրբեջան գնացողները դավաճան են, իսկ Թուրքիա և Ռուսաստան գնացողները ո՞չ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031