Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ պետք է միմյանց ճանաչեն»

Դեկտեմբեր 14,2016 12:00

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի բնորոշմամբ`
Հայաստանի հետ հարաբերությունների հարցը Թուրքիայում առաջնահերթություն չէ:

– Պարոն Այդին, նախ` ինչպե՞ս եք գնահատում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագիրը, որն անցկացնում է «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, եւ որին մասնակցելու նպատակով այս հանգստյան օրերին Հայաստան ժամանեցիք: Կա՞ հետաքրքրվածություն նմանօրինակ ծրագրերի նկատմամբ Թուրքիայում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեման առհասարակ Թուրքիայի երիտասարդների հետաքրքրությունների շրջանակում տեղ ունի՞:

– Կարծում եմ՝ նմանատիպ ծրագրերը շատ կարեւոր են, որովհետեւ մարդիկ պետք է միմյանց ճանաչեն: Երբ մարդիկ շփումներ չունեն միմյանց հետ, մեկը մյուսին չեն ճանաչում անձամբ` նրանք սկսում են մտածել ավելի շատ դավադրությունների տեսությունների շրջանակներում: Հենց այս պարագայում շատ հեշտ է նրանց շեղելը, եւ մարդիկ սկսում են հավատալ այնպիսի պատմությունների, որոնք ուղղակի գոյություն չունեն: Եվ հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ նման ծրագրերը շատ կարեւոր են, եւ դրանք պետք է ավելի շատ լինեն:

Թուրք երիտասարդների մոտ որոշակի հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Եթե փողոցում ուղղակի որեւէ մեկին մոտենաս-հարցնես` չեմ կարծում, որ հետաքրքրություն ցուցաբերեն, բայց առավել կարեւոր է, եթե նմանատիպ ծրագրեր լինեն, երիտասարդներին առաջարկես, որ նման ծրագրեր, հնարավորություններ գոյություն ունեն, կարելի է մասնակցել եւ անձնական փորձառություն ձեռք բերել: Այդ դեպքում, կարծում եմ, հետաքրքրվածներ կլինեն ու կմասնակցեն:

Օրինակ` մեր համալսարանում կան մի շարք լեզվական ծրագրեր, եւ դրանցից մեկը հայոց լեզվի դասընթացներն են: Իրականում ոչ ոք չէր պահանջել, որ մենք դա անեինք, բայց չորս տարի առաջ մենք բացեցինք այդ առարկան, եւ այդ ժամանակվանից ի վեր մինչեւ հիմա հայերենի դասընթացները մշտապես լեփ-լեցուն են անցնում: Այսինքն՝ հետաքրքրություն կա:

– Թուրքիայում շուտով սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու, եւ տարածված կարծիք կա, որ այն բանից հետո, երբ Էրդողանը նախագահի լիազորությունները մեծացնի, նա` որպես արտաքին քաղաքական հարցերում անկանխատեսելի գործիչ, հնարավոր է՝ ինչ-ինչ քայլեր ձեռնարկի նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, այլ շփումներ այլ ոլորտներում: Կարելի՞ է սպասել Թուրքիայից ապագայում նման զարգացումներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ուղղությամբ:

– Կարծում եմ՝ Հայաստանում առկա քննարկումները կապված չեն Թուրքիայի իրականության հետ: Հայաստանը Թուրքիայում ընթացող քննարկումների շարքում չէ եւ վստահաբար նաեւ Էրդողանի առաջնահերթությունների ու մտածողությունների շրջանակներում չէ: Չեմ կարծում, թե Հայաստանի հետ հարաբերությունների հարցը իր առաջնահերթություններում է: Հիմք ընդունելով նաեւ նրա ձեւավորած կառավարությունը` եւս կարելի է նման եզրակացություն անել: Բայց միգուցե եթե Հայաստանի կողմից ինչ-որ ազդակ լինի, հնարավոր է, որ նա սկսի մտորել այդ հարցի շուրջ:

Նախորդ անգամ, երբ ունեցանք Հայաստան-Թուրքիա բանակցություններ, արձանագրություններն ի հայտ եկան, նախաձեռնությունը եկավ արտգործնախարարություններից, եւ դա ինչ-որ իմաստով կապված էր Թուրքիայի բարեփոխումների եւ երկրի ձգտման հետ` դառնալու Եվրամիության անդամ: Հիմա չկա եվրոպական կապ, եւ Թուրքիայում քաղաքականության մշակման գործընթացը տեղափոխվել է արտաքին գործերի նախարարությունից նախագահական պալատ: Այսպիսով, չեմ կարծում, որ նման մթնոլորտում այդ հարցը առաջնահերթություն դառնա` առնվազն առաջիկա մի քանի տարիների համար:

– Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների հարցը եւս բավական քննարկվում է, եւ Հայաստանում էլ կա կարծիք, որ Թուրքիայի կախվածությունն ազդեց ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա, այլեւ առհասարակ տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան շատ թելերով է կապված Ադրբեջանին` բազմաթիվ ոլորտներում: Չեմ ցանկանում ասել, որ Թուրքիան Ադրբեջանի գերին է դարձել, բայց այդ կապերը որոշակի ազդեցություն ունենո՞ւմ են Թուրքիայի քաղաքականության վրա: Ճի՞շտ են այդ պատկերացումները:

– Իհարկե, կապ կա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որն ազդում է Թուրքիայի եւ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Ես տեղյակ եմ Հայաստանում առկա այդ ընկալման մասին, համաձայն որի` Ադրբեջանը կանխարգելում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում հնարավոր առաջընթացը: Բայց թուրք-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ այդքան պարզունակ չէ, ինչպես թվում է, հայկական տեսանկյունը դրա վերաբերյալ բավական պարզեցված է:

Թուրքիայում վերլուծությունն ավելի բարդ է, թուրք-ադրբեջանական հարաբերություններն ունեն տարբեր մակարդակներ:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունները ռազմավարական հարաբերություններ են, դրանից, իհարկե, շահում է Ադրբեջանը, բայց Թուրքիան նույնպես դրանից բավական շահում է: Առաջին հերթին` նավթատարների ու գազատարների հետ կապվածությունն է, որոնք շատ կարեւոր են Թուրքիայի համար, երկրորդը` առեւտուրն ու ադրբեջանական ներդրումների ծավալն է Թուրքիայում, որը եւս կարեւոր է: Եվ երրորդը` Կովկասում ազդեցություն ունենալն է, որը նույնպես կարեւոր է Թուրքիայի համար: Եթե նայում ենք քարտեզին` պարզ է դառնում, որ Վրաստանն ու Ադրբեջանը շատ կարեւոր երկրներ են Թուրքիայի համար, որպեսզի Կովկասի հետ կապ ունենան: Ուստի եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու գնա` դրանով վնասելով այդ կապին, ապա ինչո՞ւ պետք է Թուրքիան դրան գնա: Այս պարագայում շատ ավելի ազդեցիկ է ռազմավարական մտածողությունը, քան որեւէ այլ մոտեցում:

– Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածությունն անցյալո՞ւմ է, թե՞ դեռեւս պահպանվում են տարաձայնությունները, մասնավորապես, օրինակ` Սիրիայի հարցում, Ասադի ճակատագրի հարցում: Ռուս-թուրքական հարաբերությունների հետագա ջերմացումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:

– Շատ կարեւոր է շեշտել, որ Ռուսաստանը հիմա դարձել է կարեւոր երկիր ոչ միայն Սեւծովյան եւ կովկասյան տարածաշրջանում, այլեւ արդեն Մերձավոր Արեւելքում: Թուրքիան սա պետք է հաշվի առնի: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հիմա դանդաղորեն բարելավվում են:

Ինչ վերաբերում է Սիրիային, ապա կարծում եմ՝ որոշակի համաձայնություն կա այդ հարցում: Հիմա Թուրքիայի ռազմավարական նպատակը Սիրիայում ազդեցություն ունենալն է այնտեղ եւ քրդական միավորման ձեւավորումը կանխելը: Թուրքիան այլեւս չունի Ասադին տապալելու նախկին ամբիցիան ու միտումը: Կարծում եմ՝ համաձայնությունը կայացել է հետեւյալում` Ռուսաստանը թույլ է տալիս, որպեսզի Թուրքիան Սիրիայում ունենա իր ազդեցության գոտին, իսկ դրա դիմաց Թուրքիան չի միջամտում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հալեպում:

Ինչ վերաբերում է Կովկասին, ապա նմանատիպ հարաբերությունները կնշանակեն, որ Կովկասում ոչինչ չի փոխվելու: Թուրքիան չի վիճարկելու այս տարածաշրջանում Ռուսաստանի առաջնայնությունը: Եվ Ռուսաստանն էլ կհարգի Թուրքիայի կապը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մինչեւ այնտեղ, երբ այն կխաթարի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Եվ դա, անշուշտ, Հայաստանի համար կնշանակի, որ Հայաստանը լինելու է Ռուսաստանի լավ գործընկերը եւ ոչ այդքան ընկերական հարաբերություններ է ունենալու Թուրքիայի հետ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031