Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչության պետն ուսուցչին հորդորում է դատի տալ Գեղարքունիքի մարզպետին

Դեկտեմբեր 14,2016 15:00

«Առավոտի» սեպտեմբերի 24-ի՝ «Իզուր էլ հավաստագրվել ես, ես իմ ընկերոջը խոստացել եմ՝ ինքն ա դպրոցի տնօրեն լինելու» հրապարակմամբ անդրադարձել էինք Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Մուրացանի անվան դպրոցի տնօրենի մրցույթներին: Մեզ հետ զրույցում դպրոցի 25 տարվա ուսուցիչ Սիրամարգ Ղազարյանը պատմել էր, որ պայքարում է դպրոցի տնօրենի պաշտոնի համար, սակայն նրա համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Տիկին Ղազարյանը մեկ առ մեկ ներկայացրել էր բոլոր խնդիրներն ու օրենքի խախտումները, որով կայացել են դպրոցի տնօրենի 3 մրցույթները: Սիրամարգ Ղազարյանի ահազանգից հետո կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել եւ եզրակացություն կազմել: Տեսչությունն, ըստ էության, հաստատել է Սիրամարգ Ղազարյանի ներկայացրած խախտումներն ու ապօրինությունները: Սակայն ինչպես մեզ հետ զրույցում ասաց տիկին Ղազարյանը՝ ինքը դժգոհ է ստուգման արդյունքներից:

Հիշեցնենք. Սիրամարգ Ղազարյանի պատմելով՝ 2014 թվականի հունիսին լրացել էր դպրոցի տնօրենի 65-ամյակը, նա արդեն պետք է թոշակի գնար, սա օրենքի պահանջ է, իսկ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմինը, այսինքն՝ կառավարման խորհուրդը, պետք է դպրոցի նոր տնօրենի համար մրցույթ կազմակերպեր, ինչը չէին արել: Տիկին Ղազարյանի վստահեցմամբ՝ մրցույթ չի կազմակերպվել, որպեսզի տնօրենի մրցույթին կարողանա մասնակցել գյուղապետի ընկեր Արտուշ Հայրապետյանը. նրա մանկավարժական 5 տարվա ստաժի լրանալուն էին սպասում:

65-ամյակը դեռ 2 տարի առաջ լրացած տնօրենը մինչ օրս շարունակում է պաշտոնավարել, նա դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Կրթության պետական տեսչությունն այս փաստը, ավելի ճիշտ՝ օրենքի խախտումն արձանագրել է, սակայն մինչ օրս խախտումը վերացնելու համար որեւէ քայլ չի արվել:
«Տեսչությունը չի անդրադարձել իմ բողոքի սկզբնաղբյուրին՝ տնօրենի պաշտոնին մնալուն: Երբ լրացել էր նրա 65-ամյակը, թոշակի պիտի գնար, եւ նոր մրցույթ լիներ տնօրենի համար: Մեկ տարուց ավելի մրցույթ չի իրականացվել, նա որպես տնօրեն է աշխատել, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Ու մինչ օրս շարունակում է որպես ժամանակավոր պաշտոնակատար աշխատել: Երբ ես հանդիպել էի տեսչության պետի հետ, ու վերլուծել էինք ամենը, նա ասաց, որ նախորդ ստուգումների ժամանակ այդ խնդրին անդրադարձել էին, ուստի այս անգամ չեն անդրադարձել: Բայց չէ՞ որ սա է կարեւոր խախտումը, հիմքը, ու սրանով պետք է մարզպետը քայլեր աներ խախտումը շտկելու համար: Այդ լիազորությունները մարզպետինն են: Տնօրենը պաշտոնավարում է հենց մարզպետի ցանկութամբ»,- ասաց տիկին Ղազարյանը:

Ուսուցչի պատմելով՝ տեսչության պետն էլ համաձայնվել է իր ասածների հետ. «Բայց ասաց՝ մարզպետին դատի տուր: Ես ո՞ւմ դատի տամ, մարզպետի՞ն, ու ի՞նչ կարող եմ ակնկալել՝ ոչինչ: Եթե նրա ձեռքերը հասել են նախարարություն»,- ասաց Սիրամարգ Ղազարյանը՝ հավելելով, որ «փոխնախարարն էլ էր հորդորել մարզպետին դատի տալ»:
Տիկին Ղազարյանի պատմելով՝ հանդիպել է նախարար Լեւոն Մկրտչյանի հետ, նա էլ հաստատել է, որ օրենքի խախտում է եղել, եւ տնօրենի՝ թոշակի անցնելու առաջին իսկ օրից նա չպիտի պաշտոնավարեր, անգամ հետո էլ ժամանակավոր պաշտոնակատար չպիտի լիներ՝ այն դեպքում, երբ դպրոցում կա հավաստագրված ուսուցիչ, որը մի քանի անգամ մասնակցել է մրցույթներին:

Ինչ վերաբերում է գյուղապետի ընկեր Արտուշ Հայրապետյանին, որը եւս հավակնում է տնօրենի պաշտոնին, ապա առաջիկա մրցույթին չի կարող մասնակցել: Տիկին Ղազարյանի վստահեցմամբ՝ Հայրապետյանին հավաստագրումից զրկել են, բացահայտել են որպես մանկավարժական ստաժ ներկայացրած կեղծ տվյալներ. «Այս մասով էլ անհասկանալի բաներ կան, կեղծ տվյալներ ներկայացնելու կամ կեղծ ստաժ ձեւակերպողին որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկել»:

Կրթության եւ գիտության նախարարությունից «Առավոտին» վստահեցրին, որ նախարարությունը որեւէ լիազորություն չունի մարզպետին պարտադրելու շտկել օրենքի խախտումները, իրենք արձանագրում են խախտումները եւ եզրակացությունը տեսչությունը տրամադրում է մարզպետարանին:
Դեկտեմբերի 28-ին Ծովագյուղի Մուրացանի դպրոցի տնօրենի 4-րդ մրցույթը պետք է լինի, նախկին 3-ին էլ տիկին Ղազարյանը մասնակցել է, սակայն ինչպես ինքն է ասում՝ մրցույթի կարգի մի շարք խախտումների եւ խոչընդոտների պատճառով ինքը հաջողություն չի ունեցել:

«Սպասենք դեկտեմբերի 28-ի մրցույթի արդյունքներին, տեսնենք՝ ինչ կլինի, առայժմ միակ թեկնածուն եմ: Ես վարչապետին եւ կրթության ու գիտության նախարարին գրություններ եմ ուղարկել եւ ներկայացրել բոլոր խախտումներն ու խոչընդոտները: Հուսով եմ՝ մինչեւ մրցույթը այդ խախտումները կվերացվեն, եւ արդար մրցույթ կլինի: Եթե ես արժանի չեմ տնօրենի պաշտոնին, կամ ծրագիրս լավը չի, կամ այլ խնդիր կա, գոնե թող արդար մրցույթի միջոցով դա արձանագրվի, ոչ թե իրենց ազգականներին ու ծանոթներին խորհրդի կազմում ներգրավեն, որոնք իմ դեմ պիտի քվեարկեն»,- ասաց Սիրամարգ Ղազարյանը:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031