Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հավաքարարների գործով» քաղաքապետարանի հայցի ծավալն ավելի մե՞ծ է, քան մեղադրողի ներկայացրածը

Դեկտեմբեր 14,2016 14:30

«Հավաքարարների կազմակերպված խմբի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը երեկ նշանակել էր թվով 44-րդ նիստը:

Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակից դատավորը ստացել էր գրություն: Գրասենյակի պատասխանատուն հայտնել էր, թե ներգրավված պաշտպաններից Աննա Ջուվանովան ժամանակավոր անաշխատունակ է, խնդրել էր նիստը հետաձգել:

Մեկ այլ փաստաբանի նույն գրասենյակից ներգրավվելու հետ կապված էլ, Հանրային պաշտպանի գրասենյակից հայտնել էին, թե նիստին մասնակցելու դեպքում էլ նա կպահանջի գործի նյութերը՝ ծանոթանալու համար, ինչը ամիսներ կտեւի: Այս գործով ներգրավված են քաղաքի հավաքարարները, բրիգադիրները՝ արդեն երեք տարի, սա այն դեպքում, երբ Երեւանն աղբի մեջ կորած է, իսկ բրիգադիրներից մեկն էլ՝ ազգությամբ եզդի Գյուլիզար Շամոյանն ասում է՝ «Հարյուրութ ժիվոյ աշխատող եկավ ցուցմունք տվեց, քսաներկուսն էլ փոխարինողներ, եզդիներն էլ հեռացան Հայաստանից»:
Դատարանը հետաձգեց նիստը:

Տեղեկացնենք, որ 250 վկաներից դատարան են ներկայացել եւ ցուցմունք տվել մինչ օրս 200-ը:

Երեւանի քաղաքապետարանի «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն, միակ կալանավորվածի՝ Արթուր Հովհաննիսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Վկաների ցուցմունքներով հիմնավորվել է, որ պայմանագրով նախատեսված ծավալից ավելի աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, պայմանագրով նախատեսված չլինելով, Երեւանի շինաղբի տեղափոխման վերաբերյալ, «Կենտրոն մաքրությունը» իր միջոցներով իրականացրել է նաեւ այդ աշխատանքները, ինչը, սակայն, նախաքննական մարմինը հաշվի չի առել, եւ վերագրել է անհիմն մեղադրանքներ»:

Ըստ մեղադրանքի կողմի, կալանավորված տնօրենն իր 12 աշխատակիցների՝ պահեստապետի, աշխղեկների, դիսպետչերի, ավտոհավաքակայանի վարիչի, գլխավոր ինժեների, փոխտնօրենի օժանդակությամբ, մեղադրվում է կազմակերպական- պաշտոնեական դիրքն օգտագործելու, իր եղբոր` Սամվել Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, ընկերության պահեստից ապրանքանյութական արժեքների դուրսգրման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերի դիտավորյալ կեղծման ու այդ եղանակով Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի՝ 12390585 ՀՀ դրամի հափշտակման համար:

Տնօրեն Ա.Հովհաննիսյանը 2009 թվականի հունվարին նախնական համաձայնության գալով նույն ընկերության փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի, գլխավոր հաշվապահ Գագիկ Հարությունյանի, աշխղեկներ Սամվել Եղոյանի եւ Գյուլիզար Շամոյանի հետ, «միավորվել են՝ խմբով հափշտակություն կատարելու համար»: Ազգությամբ եզդի 70-ամյա Գյուլիզար Շամոյանը միակ կինն է. նա տառապում է մի շարք հիվանդություններով:
Ի դեպ, «կազմակերպված խմբի» անդամները 2009-2013 թվականներին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի, այնուհետ Երեւանի քաղաքապետարանի բյուջետային միջոցներից խաբեությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով` 251197450 ՀՀ դրամ:
Նշենք, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը քաղհայցով դիմել է դատարան՝ պահանջելով իրենց հասցված վնասը, բայց 375 միլիոն դրամի չափով:

«Առավոտի» հարցին՝ մի՞թե մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ Ա. Մելքոնյանի ու տուժողներից մեկի՝ տվյալ դեպքում քաղաքապետարանի ներկայացուցչի վնասի հատուցման գումարը կարող էր տարբեր լինել, Գյուլիզար Շամոյանի պաշտպան Մայիս Հովհաննիսյանն ասաց. «Ըստ էության, փոփոխություն չպիտի լիներ պատճառված վնասի առումով: Ինչ չափով, որ պատճառվել է, այդ չափով էլ պետք է քաղաքապետարանը քաղհայց ներկայացներ»:

Ինչ վերաբերում է դատակոչված վկաների ցուցմունքներին, Մայիս Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քաղաքապետարանի, թաղապետարանի որեւէ աշխատակից, որը վերահսկողություն է իրականացրել հավաքարարների աշխատանքների նկատմամբ, չմաքրված տարածքների հետ կապված, դատարան չի ներկայացել, երբեւէ չի հայտնաբերվել:

Ավելին, ըստ նրա, «Կենտրոն մաքրությունը» բարեխղճորեն կատարել է իր աշխատանքները՝ շինաղբ տեղափոխել, հանրային միջոցառումներից հետո մաքրել տարածքները՝ աշխատանքային գրաֆիկից դուրս, գիշերային ժամերին, իսկ գործի նյութերում չկա մի ակտ աշխատանքային թերությունների վերաբերյալ:
Մինչ այս քրեական գործի հարուցվելը, տնօրեն Արթուր Հովհաննիսյանը վաճառել էր իր «Մերսեդես» ավտոմեքենան մի քաղաքացու: Քրեական գործի հարուցումից հետո արգելանք էր դրվել իրական սեփականատիրոջ մեքենայի վրա: Դատարանը հանել է այդ արգելանքը, եւ մեքենան հանձնվել է գնորդին:

52 հատորանոց գործով անցնում են «մեռած հոգիներ». 2008-2015թթ. հրամանագրվածների անձնական գործերում առկա էին անուն-ազգանուններ, որոնք ճիշտ է՝ հրամանագրված են եղել, սակայն աշխատանքի չեն գնացել: Դրանց թիվը կազմում էր հարյուր յոթանասունութ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031