Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ 5, 6, 10 հանդիսատեսի համար ենք խաղում»

Դեկտեմբեր 14,2016 13:30

Հարցազրույց Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի տիկնիկային արվեստի գործիչների միության անդամ Սերգեյ Մելիքյանի հետ:

– Պարոն Մելիքյան, ո՞ր ներկայացմամբ է առաջին անգամ բացվել Տիկնիկային թատրոնի վարագույրը:

– Թատրոնի բացումը կատարվել է Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացմամբ: Պիեսի հեղինակը Ռուբեն Մարուքյանն էր, նկարչական ձեւավորումը Գաստելո Գասպարյանին էր, իսկ բեմադրությունը եղել է իմը: Հայաստանի երեք տիկնիկային թատրոններն էլ՝ առաջինը Գյումրիում, Երեւանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը եւ մեր թատրոնը, ավանդութը չխախտելով, առաջին անգամ վարագույրը բացել են «Շունն ու կատուն» ներկայացմամբ:

– Նախապատվությունը տալի՞ս եք հատկապես հայկական հեքիաթների բեմադրմանը:

-Մենք ունենք շուրջ 46-47 բեմադրված ներկայացում: Հիմա մեր խաղացանկում կա 8 ներկայացում, եւ այսքան բեմադրությունների մեծամասնությունը, իհարկե, հայկական է: Մեր դասականներից հատկապես Թումանյանի հեքիաթների մեծ մասը բեմադրել ենք:

vanadzor2

– Տիկնիկային թատրոնի ներկայացումների մատուցման «ձեւաչափը» 25 տարվա ընթացքում որքանո՞վ է փոխվել:

– Օր օրի, ժամ ժամի փոխվում է: Ունենք եւ տիկնիկներով, եւ դիմակներով, եւ առանց տիկնիկների՝ դրամատիկ ներկայացումներ, սակայն հիմնականը շարունակում են մնալ տիկնիկային ներկայացումները: Բնականաբար, փորձում ենք պահպանել տիկնիկային արվեստի բոլոր կանոնները:

– Երիտասարդ դերասանները որքանո՞վ են ներգրավված Տիկնիկային թատրոնում:

– Դերասանական կազմի մեծ մասը երիտասարդ կադրեր են: Բոլորը մեծ երազանքներով ավարտում են թատերական ինստիտուտը, մտածում են, որ մեկը կգնա Մակբեթ կխաղա, մյուսը՝ Լիր արքա, հետո հանդիպում են ինչ-ինչ խոչընդոտների ու գալիս են տիկնիկային թատրոն: Երկու տարի տանջվելով, չարչարվելով՝ նրանցից պատրաստում ենք տիկնիկավար դերասաններ, եւ հանկարծ գալիս ասում են. «գիտեք՝ ես ուզում եմ դուրս գալ, քանի որ էդ աշխատավարձով չեմ կարող ընտանիք պահել, ամուսնանալ…»: Ստիպված ճանապարհում ենք նրանց ու ընդունում նորերին:

vanadzor3

– Հյուրախաղերով դուք հանդես եք եկել շատ բեմերում, անգամ Փարիզում եք ներկայացումներ ունեցել, շարունակվո՞ւմ են դրանք:

– Առաջ մեզ հովանավորում էին, ունեինք դրա հնարավորությունը: 90-ական թվականների «նեղ» տարիներին անգամ Շուշիում ենք ներկայացումներ ունեցել, Վրաստանում: Իսկ այսօր նույնիսկ չենք կարողանում այստեղ՝ այս պայմաններում թատրոնի շենքի էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալ…Իսկ «դրսի» բեմերի մասին խոսելն անիմաստ է:

– Ներկա հնարավորությունները չե՞ն խանգարում ստեղծագործելուն:

– Ոչ, դա երբեք չպետք է խանգարի: Մենք ամեն ինչ փոքրիկների համար անում ենք նվիրումով: Բառի արտասանությունից ու շեշտադրությունից սկսած ամեն ինչին ուշադրություն ենք դարձնում ու հետեւում, որ հայեցի լինի: Այս տարիների ընթացքում դեռ դժգոհող չի եղել ո՛չ հեքիաթի իմաստից, ո՛չ մատուցման ձեւից:

– Իսկ չե՞ք հուսահատվում, երբ այդքան պատրաստվում եք, չարչարվում, եւ ներկայացումն անցնում է կիսալեցուն դահլիճում:

– Դա մեր ճակատագիրն է, չնայած նրան, որ մեր տոմսն ամենաէժանն է՝ 350 դրամ: Հաճախ նույնիսկ շաբաթ, կիրակի օրերին ենք խաղում 5, 6, 10 հանդիսատեսի համար: 10-ից մեկը տատիկ, որ եկել է երկու թոռնիկների հետ, մեղավո՞ր է, որ հանդիսատես չկա: Ամեն ինչ անում ենք, որ հանդիսատեսը դժգոհ չգնա:

– Այս պայմաններն ունենալով՝ Տիկնիկային թատրոնի ապագան ինչպե՞ս եք տեսնում:

– Ապագան… Մենք բոլորս էլ հույսով ենք ապրում (ծիծաղում է-Ա.Խ):
25 տարի հույսով ապրել ենք, եթե Աստված կամենա, 25 տարի էլ դեռ հույսով կապրենք:

 

Զրուցեց
ԱԳԱՊԻ ԽԱԼԱԹՅԱՆԸ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031