Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին բուհերի վարկանիշավորման մասին

Դեկտեմբեր 14,2016 13:00

Վերջին օրերին հանրապետության բուհերում ՀՀ ԿԳ նախարարություն «տեղեկատվության տրամադրման եռուզեռ է»: Սկսվել է բուհերի հերթական վարկանիշավորման գործընթացը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակ ունի եւ առաջին հերթին միտված է հաստատությունների մրցակցության խթանմանը ու շահառուների իրազեկվածության մեծացմանը: Վարկանիշավորման գործընթացը մեր իրականությունում մեկնարկեց 2013 թվականից եւ անշուշտ իր նպատակին ծառայեց այն առումով, որ բուհերը հանրության առջեւ ի ցույց դրեցին իրենց թույլ եւ ուժեղ կողմերը: Ընտրելով համալսարաններ եւ տարբերակված կրթավճարներ, դիմորդները պետք է հասկանան, թե ուր են գնում սովորելու, որին, անշուշտ, օգնում է բուհերի վարկանիշավորման տեղեկատվությունը: Սակայն մյուս կողմից՝ վարկանիշավորման գործընթացը հատկապես մտահոգությունների առիթ է ստեղծում փոքր բուհերում, որոնք իրենց ռեսուրսներով մրցունակ չեն համարվում խոշորների կողքին:

ՀՀ-ում վարկանիշավորումը ընդամենը եւս մեկ անգամ ընդգծում է խոշոր բուհերի մրցակցային առավելությունները, որն ի սկզբանե, առանց դրա էլ ակնհայտ է բոլորիս համար: Կրթական ծառայությունների ռեսուրսների բաշխման անհավասարությունը հանգեցնում է նրան, որ խոշոր բուհերը միշտ էլ շահեկան դիրքերում են հայտնվում ներհանրապետական վարկանիշավորման սանդղակում: Ուսումնասիրելով վարկանիշավորման առանցքային ցուցանիշների կազմը եւ գնահատման մեթոդաբանությունը, միանգամից հասկանում ես, որ այս գործընթացը միտված է գիտակրթական ծառայությունների մատուցման համալսարանական խոշորամասշտաբ ռեսուրսների առկայության գնահատմանը, եւ ոչ թե դրանց օգտագործման արդյունավետության վերլուծությանը: Եվ արդյունքում ձեւավորվում է մի իրավիճակ, որ խոշորների կողքին գործող փոքր բուհերը, միգուցե ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ավելի արդյունավետ աշխատելով, միեւնույն է, միշտ էլ հայտնվում են վարկանիշավորման սանդղակի ներքին հորիզոնականներում:

Այս առումով հարկ եմ համարում առաջարկելու, որ վարկանիշավորում իրականացվի ըստ «քաշային կատեգորիաների»: Այսինքն՝ խոշոր եւ կայացած բուհերը վարկանիշավորվեն եւ ներկայացվեն առանձին աղյուսակով եւ այլ մեթոդաբանությամբ, քան փոքր բուհերը: Թե չէ՝ առանց վարկանիշավորման էլ ակնհայտ են խոշորների առավելությունները եւ այստեղ մասնավոր բուհերը իրենց սակավաթիվ ռեսուրսներով պարզապես ի զորու չեն մրցակցելու պետականների հետ: Եթե վարկանիշավորում իրականացվի հիմնավոր համեմատության կանոններով, ապա պարզ կդառնա, թե խոշոր պետական բուհերից որոնք են հենց իրենց շրջանակում հետ ընկնում, կամ ինչ առաջընթաց է գրանցվում մասնավոր բուհերի շրջանակում: Պետք է խոստովանենք, որ վարկանիշավորման համակարգը միանշանակ չի ընդունվում նաեւ Արեւմուտքում, որտեղի փորձն է փոխառնվել մեր կողմից: Այսպես, Եվրոպական ուսանողների միությունը դեռեւս ոչ վաղ անցյալում ընդունեց հռչակագիր, ընդգծելով վարկանիշավորման թերությունները (տես`The Dangers of University Ranking System, //European Students Union, 2013): Եվրոպայում ուսանողները գտնում են, որ Բոլոնիայի գործընթացը առավելապես պետք է կենտրոնանա համալսարանների կողմից որակի ապահովման հաշվետվողականությանը, եւ ոչ թե վարկանիշավորմանը: Կարծում ենք, որ վարկանիշավորումը պետք է իրականացնել այնպես, որ առավելապես ընդգծվի կրթական ծառայությունների մատուցման որակը, եւ ոչ թե «խոշորի ուժային ռեսուրսը»: Հետեւաբար, ցանկալի կլիներ վարկանիշավորման գործընթացը կազմակերպել այնպես, որ ոչ թե համընդհանուր, այլ տարբերակված գնահատման սանդղակներով եւ իրենց մրցակցային առավելություններով համեմատվեին կրթական համարժեք չափաբաժիններ ունեցող բուհերը եւ հասկանալի դառնար, թե ինչ դրական տեղաշարժեր կան խոշոր եւ փոքր կրթօջախների առանձին խմբերում:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

 

«Առավոտ»

13.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031