«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ այսօր ինքը բացատրություններ է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը «Հրապարակ» օրաթերթի թղթակից Վահե Մակարյանի միջադեպի առնչությամբ:
Հիշեցնենք, որ լրագրողի պնդմամբ՝ Ռուբեն Հակոբյանը հարվածել էր իրեն: Եվ միջադեպից հետո տեսախցիկներն արձանագրել էին Վահե Մակարյանի աչքի ներքեւում կարմրությունը:
Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց «Առավոտին» այլ մանրամասներ հայտնել ՀՔԾ-ում ներկայացրած բացատրության կապակցությամբ:
Սակայն նկատենք, որ այսօր նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որից կարելի է եզրակացնել, թե մինչ միջադեպը լրագրողը հայհոյել էր պատգամավորին: Ռուբեն Հակոբյանը մասնավորապես գրել է. «Շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հանցագործը, տգետը, մաֆիոզը եւ պառլամենտական մշակույթի հետ կապ չունեցող որեւէ մեկը պետք է տեղ չունենա ԱԺ-ում, ինչպես նաեւ՝ ճղճիմ եւ նենգ պատվերներ կատարողը, տգետը, լրագրողի անվան տակ պատգամավորին հայհոյող փողոցի խուլիգանը նույնպես չպետք է կարողանա մուտք գործել ԱԺ պատերից ներս»: