ԱԱԾ-ից Գրիգոր ներկայացած մեկը երեկ զանգահարել էր երաժիշտ Վահան Արծրունուն եւ հրավիրել նրան ԱԱԾ՝ զրույցի: Իսկ զրույցից հետո երաժշտի ֆեյսբուքյան գրառումը եւ առհասարակ նրա ֆեյսբուքյան էջը ընկերների համար արգելափակվել է: Aravot.am-ի հետ զրույցում Վահան Արծրունին պատմեց, թե ինչքան անհանգստացած է այդ դեպքով. «Ինչի՞ն է միտված այդ մթնոլորտը ստեղծելը, այսինքն՝ մարդկանց անհանգստացնելու, հրավիրելու եւ նման հարցեր տալու միտումը ո՞րն է, նպատակը ո՞րն է, հիվանդագին աժիոտաժի եւ վախի մթնոլորտ ստեղծե՞լն է: 37 թի՞վն է, սա ի՞նչ է»:
Վահան Արծրունին ասաց, որ ֆեյսբուքյան էջում տեղադրել է մշակույթի նախարարության, մտավորականների ֆոտոշարքը՝ նախագահի հետ հանդիպումից եւ գրառում արել. «Հետաքրքիր երկու հանդիպման իրողություն՝ նույն օրվա ընթացքում, երբ այսպես ասած լեգիտիմացրած մտավորականության հետ նախագահը հանդիպում է Արցախում, իսկ ինձ հրավիրում են զրույցի ԱԱԾ եւ զրույցի բնույթն ինձ համար մինչեւ հիմա պարզ չի»:
ԱԱԾ-ում երաժշտին իր համար բոլորովին անհասկանալի 4 հարց են ուղղել. «Գրիգոր ներկայացած այդ անձը խնդրեց հանդիպում, ասաց հասցեն՝ Ամիրյան փողոց եւ շենքի ներսում՝ իր կաբինետում տեղի ունեցավ հանդիպումը: Առաջին հարցն այն մասին էր, թե «Հիմնադիր խորհրդարանի» հետ կապ ունեմ, թե ոչ, երկրորդ հարցը՝ Խորենացի փողոցում եղել եմ հայտնի դեպքերի ժամանակ, թե ոչ, երրորդ հարցը իմ եկամուտների մասին էր, ինչ եկամուտներ ունեմ, 4-րդ հարցը՝ արդյո՞ք ես այդ հասցեում եմ բնակվում, ում հետ եմ բնակվում, ընտանիքի անդամները»:
Երբ հետաքրքրվեցինք՝ չէի՞ք հարցնում՝ դա ձեր ինչի՞ն է պետք, ինչո՞ւ եք նման հարցեր տալիս՝ Վահան Արծրունին պատասխանեց. «Չէ, առաջին հարցը, որ տվեցի այդտեղ հայտնվելով՝ արդյո՞ք իմ ներկայությունը այս կաբինետում Սահմանադրության խախտում չի, որի պատասխանը եղավ այն, որ մենք ընդամենը ձեզ զրույցի ենք հրավիրել: Ես հարցրեցի՝ սա փաստորեն ոչ պաշտոնական հանդիպում է՝ պաշտոնական դաշտո՞ւմ, ո՞նց կարելի է սա ընկալել, իրենք ասեցին՝ պարզապես մի քանի հարց ունենք տալու, շնորհակալ ենք, որ չմերժեցիք եւ եկաք»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ «Սասնա ծռեր» խմբի դեպքերի ժամանակ զանգահարել եք «Հիմնադիր խորհրդարանի» կամ «Սասնա ծռերի» անդամներից մեկին, դրա համար են ԱԱԾ կանչել՝ Վահան Արծրունին պատասխանեց. «Ես 15 տարի է՝ միտինգների մասնակից չեմ եղել: Իմ միակ մասնակցությունը եղել է 2 տարի առաջ «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գիշերը զանգահարեց եւ ասաց, որ եթե մենք հիմա կենդանի պատ չկազմենք, այդ տղերքի վրա ոստիկանությունը քշելու է: Այդ գիշերը մինչեւ առավոտը անցկացրեցի՝ որպես կենդանի պատ՝ մտավորականության եւ հոգեւորակաների հետ: Իմ քաղաքացիական դիրքորոշումը միանշանակ է եղել այդ պարագայում: Իմ առնչությունը այդ բոլոր գործընթացների հետ ոչ թե քաղաքական են եղել, այլ՝ քաղաքացիական բնույթ են կրել:
Բայց երբ ինձ հրավիրում են հեռախոսազանգով եւ 40 րոպեների ընթացքում ինձ տալիս են հարցեր, որոնք միտված են քաղաքական իմ դիրքորոշումը պարզելու՝ առանց ծանուցագրի, առանց արձանագրության, առանց իմ կարգավիճակը բացատրելու…: Ինձ այսօր բացատրեցին, որ նման հաստատություններ հրավիրելիս պետք է բացատրեն՝ որպես մեղադրյալ են հրավիրում, վկա, այսինքն՝ իմ կարգավիճակը ո՞րն է: Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, դրա համար դիմեցի օմբուդսմենին, որ հասկանալի ինձ դարձնեն այդ էպիզոդը, որ ինձ հետ տեղի ունեցավ, որովհետեւ ես, որպես քաղաքացի, չեմ հասկանում ինչ է կատարվում: Ինձ սա ահավոր անհանգստացնում է, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, որ եթե ինձ են անհանգստացրել այս թեմայով եւ մենք չենք կարողանում ծայրերը իրար միացնելով՝ բովանդակային որեւէ եզրահանգում անել, իսկ ես պաշտպանվելու ե՛ւ հասարակական, ե՛ւ սահմանադրական միջոցները ունեմ, կարող եմ բարձրաձայնել խնդիրը, բայց ես հասկանում եմ, որ շարքային քաղաքացին, որը նույն իրողության առաջ կարող է կանգնել, այդ հնարավորությունները չունի»:
Վահան Արծրունին Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել՝ հարցնելով՝ արդյո՞ք նման հարցերի շարադրումը չի ենթադրում քաղաքական ճնշման տարր իր մեջ եւ արդյո՞ք այդ 4 հարցերի շարադրումը չի պարունակում իր մեջ քողարկված սպառնալիք: Օմբուդսմենի գրասենյակի պատասխանը պարզ կլինի երկուշաբթի: Երաժշտի խոսքերով՝ «Ինձ էլ է հետաքրքիր թե ինչ պատասխան են տալու, եթե սպառիչ չեղավ պատասխանը, ես արդեն ստիպված եմ միջազգային ատյանների դիմել: Եթե ես հասկանամ, որ օմբուդսմենի կողմից պաշտպանված չեմ՝ որպես քաղաքացի, ես պատրաստ եմ մյուս լծակների դիմել: Բա ի՞նչ պիտի անեմ: Ես իմ օրինակով պիտի ցույց տամ, թե ինչ ճանապարհով մարդիկ պետք է գնան իրենց իրավունքները պաշտպանեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ