Իջեւանի տարածաշրջանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձանց մեղադրելով ծանր հանցագործության մեջ, 2015թ. հուլիսի 25-ին կատարել է սուտ մատնություն:
Նա այդ օրը ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ. հունիսի լույս 23-ի գիշերը Իջեւան քաղաքի բնակիչ 4 տղամարդ Իջեւանի ավագ դպրոցի հարակից տարածքում գտնվող շինությունում իր նկատմամբ բռնություն գործադրելով եւ բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն են ունեցել իր հետ:
Բացի այդ, նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, 2016թ. հունվարի 23-ին կատարել է սուտ մատնություն, այն է՝ քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու համար ոստիկանության Իջեւանի բաժնում նախապատրաստվող նյութերով բացատրություն է տվել այն մասին, որ Իջեւան քաղաքի Բլբուլյան 2-րդ նրբանցքի բնակիչ տղամարդը իր բնակարանը պոռնկությամբ զբաղվելու համար 2015թ. հուլիսի 4-ից մինչեւ 2016թ. հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար տրամադրել է իրեն:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը,եթե անձը գործել է՝գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է») եւ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):
Կարդացեք նաև
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ