Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկում է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմավորման ձեւով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության՝ ՊՈԱԿ-ի: Այս որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Վերակազմակերպված այս ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան եւ նպատակը, ըստ նախագծի, Հայաստանում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է, գործունեության հիմնական ոլորտներն են՝ տրանսպորտի ոլորտի կապիտալ եւ զարգացման ծրագրերի մասով եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը ու աշխատանքները, այդ թվում նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի աշխատանքների իրականացումը:
Նախագծով նախատեսվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնել եւ ապահովել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարման պետական հաշվառումը, ապա «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը գրանցել եւ սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն ապահովել:
Առաջարկվում է այս որոշումից բխող կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ «Ստեղծելով «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ, պետական բյուջեի եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները կօգտագործվեն հնարավորինս արդյունավետ»:
Այս փոփոխության արդյունքում, ըստ նախագծի հիմնավորման, կկրճատվեն կազմակերպությունների 3 մեքենա, 9 աշխատատեղեր, արդյունքում տնտեսվող գումարի մոտավոր չափը կկազմի 106.9 միլիոն դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ