Բնապահպանության նախարարությունն էլ անցել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՊՈԱԿ-ների կրճատման հանձնարարականի կատարմանը:
Բնապահպանության նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ միաձուլման միջոցով կվերակազմավորվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգից:
Կառավարության հավանությանը ներկայացրած որոշման նախագծով նախատեսվում է «Թափոնների ուսումնասիրության կենտրոն, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» եւ «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ՊՈԱԿ-ները միաձուլման ձեւով վերակազմակերպել` ստեղծելով «Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն:
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկան եւ նպատակներն են`շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) պահպանության բարձր մակարդակի ապահովմանը նպաստելը` շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նկատմամբ դիտարկումների իրականացման, վիճակի գնահատման վերաբերյալ բավարար տվյալների ստեղծման, դրանց գրանցման, վերլուծման, տրամադրման ու պահման միջոցով:
Կարդացեք նաև
Այս ՊՈԱԿ-ի գործառույթներից կլինի նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վիճակի մասին տեղեկատվությունը բնապահպանական միասնական տեղեկատվական շտեմարանում ներբեռնումն ու շտեմարանի վարումը, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների եւ հեռացման վայրերի ու թափոնների դասակարգչի կազմման համար ուսումնասիրության իրականացումը, ինչպես նաեւ թափոնների օգտագործման ու վնասազերծման սակավաթափոն եւ անթափոն տեխնոլոգիաների մասին տվյալների հավաքումն ու վերլուծումը, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների մասին տվյալների հավաքագրման ու վերլուծության հիման վրա համապատասխան համակարգչային շտեմարանների (բազա) ստեղծումը եւ վարումը:
Նախագծի ընդունման արդյունքում, ինչպես նշված է փաստաթղթում, կկրճատվի 21 հաստիք, արդյունքում տնտեսված 20 միլիոն դրամ գումարը նախատեսվում է պետական բյուջեից հատկացվող ծախսերից չնվազեցնել եւ ուղղել ՊՈԱԿ-ի աշխատանքային եւ տեխնիկական պայմանների բարելավմանը (համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, տարածքի բարելավում):
Նելլի ԲԱԲԱՅԱՆ