Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. «Անընդունելի է կրավորական կեցվածքը»

Դեկտեմբեր 13,2016 20:08

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել այն մասին, թե հրաժարվում են ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ու մշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:

Aravot.am-ի դիտարկմանը`մեծ հաշվով հասարակական կազմակերպությունները հրաժարվում են ընդգրկվել ԱԺ ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում, որովհետև այն գործուն լիազորություններ չունեցող կառույց չեն համարում, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մինչ այս, որևէ ընտրական գործընթացից առաջ, նմանօրինակ հանձնաժողովներ չէին ստեղծվել, այս հանձնաժողովի ստեղծումն իր տեսակով արդեն իսկ աննախադեպ էր:

«Առնվազն տարօրինակ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների այն պնդումը, թե այդ հանձնաժողովը գործուն լիազորություններ չունի, քանի որ այս հանձնաժողովը առանձնահատուկ է իր լիազորությունների ծավալով ու բնույթով: Որպեսզի պարզ դառնա խոսքն ինչի մասին է, նշենք, որ ի թիվս այլ լիազորությունների, հանձնաժողովը պետք է իրագործի մրցույթային կարգով մասնագիտացված կազմակերպությունների ընտրություն, որոնք պատասխանատու կլինեն ընտրատեղամասերը տեսանկարահանելու, ուղիղ հեռարձակում ապահովելու, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման մշտադիտարկումը հեշտացնելու համար մոբիլ սարքի ծրագրային հավելված մշակելու համար: Ընդ որում, այս հանձնաժողովն է հանդիսանալու գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողով, իր առաջադրած թեկնածուներից ձևավորելու է գնումների համակարգող խումբ և ինքն է հաստատելու գնումների պլանը»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված որոշ առաջարկները քննարկման օրակարգում չներառելուն, նախարարը նշեց, որ բոլոր առաջարկներն էլ քննարկման առարկա դարձել են, այլ բան է, որ ոչ բոլոր առաջարկներն են ընդունվել: «Առհասարակ բանակցություն հասկացության առանձնահատկությունն այն է, որ ի վերջո պետք է ձեռք բերվեն փոխհամաձայնեցված լուծումներ: Հասկանալի է, որ այս պարագայում կողմերի ներկայացրած ոչ բոլոր առաջարկներն են ընդունվել: Մենք իսկզբանե առաջնորդվել ենք ոչ թե հաղթողներ-պարտվողներ, այլ win-win սկզբունքով»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե անընդունելի է համարում ձևավորված այն պրակտիկան, որ քաղաքացիական հասարակության առանձին ներկայացուցիչներ, կարևոր գործընթացներում սկսում են կրավորական կեցվածք ընդունել՝ միաժամանակ ստվերելով մինչ այս իրականացված հսկայական աշխատանքը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հավելեց նաև, որ մամուլից ստացված արձագանքներից երևում է, որ քաղաքացիական հասարակության շրջանակներում տարածվել է այն թյուր կարծիքը, համաձայն որի կառավարության համապատասխան որոշմամբ հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք ունեին միայն նշված 6 հասարակական կազմակերպությունները: Այնինչ, որոշման մեջ հստակ գրված է, որ վերոնշյալ կազմակերպությունները՝ որպես բանակցային ձևաչափի կողմ, պետք է համատեղ ստորագրությամբ առաջադրեին թեկնածուներ:

«Նշված կազմակերպությունների հետ բանակցային սեղանի շուրջ նստելիս մենք ընդունել ենք, որ աշխատում ենք, ոչ թե այդ 6, այլ շուրջ 200 հասարակական կազմակերպության տեսանկյունը ներկայացնող անձանց հետ: Որոշումը գրվել է այդ նույն տրամաբանությամբ: Ավելին, որոշման նախագիծը համաձայնեցվել է բոլոր քաղաքական ուժերի հետ: Վերոնշյալ կազմակերպությունները, հանդիսանալով բանակցային ձևաչափի կողմ, պետք է ավելի լայն հատվածների հետ քննարկեին և թեկնածուներ առաջադրեին հանձնաժողովում ընդգրկվելու համար»,-հստակեցրեց Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նաեւ իր գոհունակությունը հայտնեց խորհրդարանի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների աշխատանքի վերաբերյալ, և նշեց, որ հանձնաժողովն արդեն իսկ ամբողջությամբ լծվել է իր պատասխանատու լիազորությունների իրականացմանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031