Լրահոս
Օրվա լրահոսը

Մերի Մարգարյանի մահվան գործով հարցաքննվեց նաեւ Մերիի ամուսնու ազգականը

Դեկտեմբեր 13,2016 19:11

Անցած տարի մահացած Մերի Մարգարյանի գործով այսօր դատարանում  ցուցմունք տվեց նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը:

Վկայի պատմելով՝ Մերի Մարգարյանի վիճակի մասին իմացել է հուլիսի 26-ին նրա սկեսրայրից, ինքը Մերիի ամուսնու ազգականն է. «Մերիի սկեսրայրը զանգեց, ասաց, որ Մերին ջերմություն ունի, տան պայմաններում բուժում է ստանում, բայց վիճակի մեջ փոփոխություն չկա: Առաջարկեցի բերել «Էրեբունի» հետազոտման, ասաց՝ չէ, հեռու է: Ինձ հարցրեց` ինչ կարծիքի եմ Շուշանիկ Բախշյանի մասին, ասացի` բարձր կարծիքի եմ, այսքանով խոսակցությունն ավարտվել է: Հաջորդ օրը առավոտյան 07:00-ի կողմերը ինձ զանգեց նորից ու ասաց, որ զանգեմ Շուշանիկ Բախշյանին, ասեմ` Մերին իմ ազգականն է, որ նորմալ վերաբերի, ես էլ զանգեցի բժշկուհուն, ինքն արդեն հիվանդանոց էր գնում»:

Նորայր Ղուկասյանը նաեւ պատմեց, որ  ավելի ուշ տիկին Բախշյանն իրեն է զանգել, ասել,  որ Մերի Մարգարյանի վիճակը վատանում է, ցանկանում են բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխել. «Ժամը 15:10-ին Մերին ընդունվել է մեզ մոտ «արյունազեղում հարցականով» ախտորոշմամբ, անմիջապես նյարդաբանն է զննել, ասել է, այնուհետեւ ռեանիմատոլոգն է նայել, անմիջապես որոշվել է նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք»:

Պարոն Ղուկասյանի խոսքով, 16:30-ի սահմաններում որոշվել է Մերի Մարգարյանին կեսարյան հատում անել, քանի որ պտղի սրտի զարկի բաբախը գնալով նվազում էր: Նա նույնպես հաստատեց, որ ծննդկանին մինչեւ վիրահատելը հետազոտության արդյունքներն են բերվել, որով  ծննդկանի մոտ հաստատվել է ՀԵԼԼՓ համախտանիշ:

Պաշտպանական կողմը այս վկայից էլ հետաքրքրվեց՝ ինչու է Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվել ժամը 15:10-ին, իսկ գինեկոլոգները զննել 16:30-ին, պարոն Ղուկասյանը պատասխանեց. «Մերին մեզ մոտ եկել է արյունազեղման կասկածանքով, մեզ ասել են` գինեկոլոգիական խնդիր չունի, այդ պատճառով նախ նյարդաբանն է զննել, հետազոտություններ է անցել, որից հետո մենք ենք զննել նրան»:

Դատական նիստն այս վկայի հարցաքննությամբ ավարտվեց, հաջորդը նշանակվեց դեկտեմբերի 20-ին: Իսկ դատական նիստի վերջում դատավորը վկայից հետաքրքրվեց, թե նորմալ էր, որ Մերի Մարգարյանին վիրահատել են բժշկական կենտրոն ընդունվելուց երկու ժամ հետո, վկան պատասխանեց՝ ոչ:

Հիշեցնենք, որ ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ. Բախշյանին և Ա. Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հիշեցնենք նաեւ, որ  այս գործով դատարանում այսօր ցուցմունք են տվել Էրեբունի Բ/կ-ի եւս երկու աշխատակից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031