«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է՝ Բաքու մեկնելու լուրերի հետ կապված Արմեն Վիրաբյանը «Ժառանգության» անդամ չէ: Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը Արմեն Վիրաբյանին չի ճանաչում, ասաց՝ տեղյակ էլ չէ, թե ինչպես է վերջինս «Բարեւ Երեւան» կուսակցությունների Դաշինքի ցուցակում ընդգրկվել:
Նշենք, որ Արմեն Վիրաբյանը ցուցակի 64-րդ համարն էր, եւ Դաշինքում ընդգրկված էր հե՛նց «Ժառանգություն» կուսակցությունից:
Հիշեցնենք, որ Արմեն Վիրաբյանը տեսաուղերձով հայտարարել է, որ Բաքու մեկնելու լուրը թյուրիմացություն է. «Դա թյուրիմացություն էր՝ կապվելը Haqqin az-ի հետ, ես ոչ մի տեսակի բաներ չեմ ստորագրել Ադրբեջանի հետ կապված, Ալիևի հետ կապված»,-ասել է նա։
Նաեւ հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել էր նրա նամակը, որում նա դիմում է Ադրբեջանի նախագահին և խնդրում ապահովել իր անվտանգությունը` ստորագրելով նաև հակահայկական դեկլարացիա:
Կարդացեք նաև
Նրան վերագրվող նամակում, Արմեն Վիրաբյանն իբրեւ թե հայտնել է, որ ստիպված է եղել փախչել Հայաստանից, քանի որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձն է եղել, խնդրում է օգնել իրեն՝ երրորդ երկրից քաղաքական ապաստան ստանալու հարցում:
Հիշեցնենք նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը «Հակական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր, որ անձամբ խոսել է Արմեն Վիրաբյանի հետ, հասկացել, որ Բաքու մեկնելու մտադրություն վերջինս չունի:
Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Արմեն Վիրաբյանի՝ Բաքու մեկնելու լուրին՝ ասելով, որ ոչ միայն չի ճանաչում նրան, այլեւ չի ցանկանում անդրադառնալ ադրբեջանական կայքերով հրապարակված լուրերին: Նա չցանկացավ նաեւ կարծիք հայտնել, թե ինչու են վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները Բաքու մեկնելու մասին հայտարարում կամ նման հայտարարությունների հետ առնչվում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ