Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել պատասխանի մեջ՝ առանց հայհոյանք օգտագործելու». Նախարարը՝ Փոստանջյանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 17:59

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ 1000 դրամ պարտադիր վճարի մասին պատգամավորների քննադատություններին:

Նա ասաց, որ ցանկացած հայտարարություն անելիս, մեղադրանք առաջադրելիս պետք է զգույշ լինել ԱԺ-ում. «Երբ տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորի կողմից առաջարկ է արվում ժամկետային զինծառայողի համար աշխատավարձ սահմանել, որին ես կողմ կլինեի որպես ՊՆ նախարար, նա պետք է հաշվետվություն տա իրեն, որ իր առաջարկած հարցի գինը նույնչափ է, որքան եղել է իր ղեկավարած կառավարության պետական բյուջեն ամբողջությամբ: Եթե այսօր այդպիսի առաջարկ կարելի է անել, դա գնահատական է այս տարիների մեր երկրի ունեցած առաջընթացի, նաեւ այս կառավարության հաջողությունների»:

Նախարարի այս խոսքն ուղղված էր Հրանտ Բագրատյանին: Պարոն Բագրատյանը հորդորել էր այնպիսի քաղաքականություն տանել, որ մահացածներին չհերոսացնեն, ողջերին գնահատեն:

Վիգեն Սարգսյանն էլ ասաց, որ եթե համեմատեն այն ժամանակ սպայի աշխատավարձը եւ հիմա իրենց տված աշխատավարձը, որը նույնպես ցածր է, ակնհայտ է տարիների ընթացքում աճի դինամիկան:

Նախարարի խոսքերով՝ ապրիլյան զոհերի մասին են խոսում. «Ես ձեզ խնդրում եմ, մի՛ խոսեք զոհերի մասին, խոսեք հերոսների մասին, չի՛ կարելի հերոսին զոհ սարքել, որովհետեւ դա ամենակարճ ճանապարհն է բանակում չծառայելու մոտեցումը տարածելու»:

Լեւոն Զուրաբյանը քննադատել էր, որ պարտադրանք է սա, ոչ թե հնարավորություն: Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ երբ ինքնաթիռում պարտադրում են ամրագոտի կապել, հնարավորություն են տալիս փրկվելու, այնպես որ, պարտադրանքն ու հնարավորությունը պետք չի հակադրել:

Նախարարը վերջում հայտարարեց, որ չի անդրադառնա Զարուհի Փոստանջյանի ելույթին.  «Իմ հայերենը չի ներում շատ շիտակ լինել պատասխանի մեջ՝ առանց հայհոյանք օգտագործելու: Իսկ դաստիարակությունս չի թույլ տալիս անել երկրորդը: Բայց քաղաքական սելֆիների մշակույթը բանակի մասին խոսելիս պետք է վերացնել: Շատ ավելի վտանգավոր է քաղաքական գործիչը, որը սելֆի է անում այս ամբիոնում, քան այն շոու բիզնեսի ներկայացուցիչը, որ սելֆի է անում խրամատում»:

Նախարարը հայտարարեց, որ հիմնադրամն այնպես է աշխատելու, որ բոլորը հպարտ են լինելու՝ կողմ քվեարկելու համար եւ ինքը այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում է իր քաղաքական կենսագրությունը եւ ապագան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031