Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի շարք ձեռնարկատերերի ազատում են հարկերից, տույժ-տուգանքներից. Հարկային համաներում՝ կառավարությունից

Դեկտեմբեր 13,2016 18:15

Այսօր կառավարությունը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրեց Հարկային նոր փաթեթը, որը, ըստ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի, հարկային արտոնություններ սահմանող եւ հարկային համաներում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է: Առաջարկվում է ինքնազբաղված անձանց ազատել հարկերից, իսկ որպես ինքնազբաղված անձինք առաջարկվում է սահմանել այն անձանց, ովքեր տարեկան ունեն մինչեւ 9 մլն դրամի շրջանառություն, չունեն վարձու աշխատողներ: Թվով 23 գործունեության տեսակներ են մտնում սրա մեջ:

Առաջարկվում է նաեւ հարկային համաներում կիրառել ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցրած տնտեսվարողների նկատմամբ եւ նրանց ազատել նվազագույն եկամտահարկի եւ նվազագույն սոցապահովության ինչպես մայր գումարներից, այնպես էլ հաշվարկված տույժ-տուգանքներից:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ ուզում են ներել այդ բոլոր պարտքերը, քանի որ այդ հարկատեսակները չկան, բայց հաշվարկված եւ կուտակված պարտքեր ունեն տնտեսվարողները:

Կուտակային վճարի գծով նույնպես տույժերից ազատելու մոտեցում է ամրագրել կառավարությունը: Անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք, որոնք գտնվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո, այդ վճարները ուշացնելու համար տույժեր չեն վճարելու:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնք իրականացրել են մեկ տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով գույքի օտարման գործարքներ, որոնք ԱԱՀ-ով հարկվում են, մասնավորապես, խոսքը տրանսպորտային միջոցների եւ անշարժ գույքի մասին է, երկրորդ գույքի օտարման մասով կրում են ԱԱՀ վճարելու պարտավորություն, ըստ գործող օրենքի:

Վախթանգ Միրումյանն ասաց, որ սրանով ժամանակին ուզում էին քողարկված տնտեսական գործունեություն իրականացնողներին հարկային դաշտ բերել, սակայն իրականում ստացվել է, որ այն քաղաքացիները, որոնք տարբեր պատճառներով չեն իմացել այդ պարտավորության մասին, նրանց նկատմամբ տույժեր են սահմանվել: Հիմա առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք ունեցել են նման խնդիրներ, մայր գումարը վճարեն եւ ազատվեն բոլոր տույժ-տուգանքներից:

Քաղաքացիները այլեւս ԱԱՀ-ի դաշտում չեն լինելու, եկամտահարկի դաշտում են գործելու:

Պարզեցված ընթացակարգ է սահմանվում նաեւ այն կազմակերպությունների լուծարման համար, որոնք թեեւ հաշվառված են, բայց չեն ներկայացրել որեւէ հարկային հաշվարկ:

Կան փոքր գումարներ՝ 2000 դրամ, 3000 դրամ, որոնց պատճառով մի շարք ձեռնարկատերեր հնարավորություն չեն ունեցել օգտվել օրենքով նախատեսված մի շարք գործընթացից: Հիմա առաջարկվում է մինչեւ 10 հազար դրամի հարկային պարտավորությունը անտեսել: Առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը տեղափոխել մինչեւ 2018-ի հունվարի 1-ը՝ 2017-ի հունվարի 1-ի փոխարեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031