Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի կոռումպացված նախարար այստեղ նստած է, հենց մեղադրո՛ւմ եմ». Զարուհի Փոստանջյանի ելույթը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 17:17

«Սա հրեշավոր նախագիծ է»,- այսօր ԱԺ-ում 1000 դրամ պարտադիր վճարի մասին նախագիծն այսպես գնահատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա, սա նախընտրական հարցերը լուծելու հիմնադրամ է լինելու. «Եթե մենք քառօրյա պատերազմին ենք անդրադարձ կատարում, ապա հասկանալի է զեկույցներից, որ պատերազմը պայմանավորված է եղել, պատերազմական գործողությունը մեր համար կանխատեսելի է եղել, մենք իմացել ենք, համապատասխան միջոցներ չենք ձեռնարկել: Պատերազմական այս գործողությունների պատասխանատուները այսօր եկել են, նոր օրենքի նախագիծ են ներկայացնում՝ գումարներ հավաքելու»:

Ըստ նրա, առաջինը պետք է պատասխանատվության կանչեին պատասխանատուներին, քրեական հետապնդում պետք է իրականացնեին. «Ո՞վ է պատասխանատվություն կրելու վառելիք չունենալու համար, տանկերի ակումուլյատորները չաշխատելու համար, համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու հնարավորություն չունենալու համար, զրահաբաճկոններ զինվորներին չտալու համար»:

Նա հարցրեց. «Էդ ի՞նչ պատերազմի մասին է խոսքը՝ ապագայում սպասվող, ի՞նչ եք պլանավորում այս անգամ: Ո՞ր պատերազմի համար եք դուք այս գումարները հավաքելու: Եթե գումարների մասին է խոսվում,  մի կոռումպացված նախարար այստեղ նստած է: Հենց մեղադրում եմ: Տվյալ նախարարի կնոջ հայտարարագրից պարզ է դառնում, որ հնարավոր չէ պետական ծառայության մեջ լինել եւ ունենալ այդքան գումարներ: Այս կոռումպացված մարդկանց հիմա մենք լրացուցիչ հիմնադրա՞մ պետք է վստահենք: Կոռումպացված մարդիկ թող ամեն մեկը իրենց անձնական գումարները ներդնեն եւ տրամադրեն օգնություն բոլոր այն ընտանիքներին, որոնք զոհվել են»:

Նա ասաց, որ Լելե Թեփեն, որ կորցրել եք, այնտեղ 400 զոհ ենք ունեցել. «Դուք հանձնեցիք գլխավոր բարձունքներից մեկը, որը շատ կարեւոր է: Բոլոր նրանք, որ հայտարարեցին, որ գնալու ենք ազատագրենք, այդ բոլոր մեր զինվորներին էլ այսօր բանտախցում եք պահում, որպեսզի մենք չկարողանանք պաշտպանություն իրականացնենք: Իսկ ո՞ւր է այն ռազմական փոխօգնության պայմանագիրը, որը հայտարարվեց, որ պետք է բերեք: Հիմա ուզում եք ասեք, որ մենք կարող ենք պատերազմում մասնակից լինենք, պաշտպանված լինենք եւ սա մեր բանակն ամրապնդելու համա՞ր է, իհարկե, ոչ»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի, բանակն ամրապնդելու համար Արցախը պետք է ճանաչված լինի, մինչդեռ իշխանությունները Արցախը չեն ճանաչում:

Նա հորդորեց, որ դահլիճում նստած ունեւորների հաշվին հիմնադրամ բացեն, փող ունեն եւ կարող են լուծում տալ 25 տարվա բոլոր խնդիրներին, սա, ըստ նրա, խայտառակություն է եւ ամոթ է:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին եւ կոչ արեց լավ էլ մասնակցել եւ դեմ քվեարկել:

Ելույթից հետո դահլիճում ներկա ՀՀԿ-ականները փորձեցին հակադարձել: Մարգարիտ Եսայանը հարցրեց. «Ճանաչելը էլ ո՞րն է, այ բալա»: Կանայք սկսեցին բանավիճել:

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը կանանց հանդարտության կոչ անելով՝ արձագանքեց. «Էխ, Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա»:

Ամբիոնին մոտեցած ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյան էլ հոգոց հանելուց հետո կատակեց. «Էս էլ ձեր գենդերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031