Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիության դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերյալ». Տիգրան Փաշաբեզյան

Դեկտեմբեր 13,2016 17:12

(1-ին մաս)

Հայկական Հարցի լուծման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը, բնականաբար այդ թվում եւ Եվրամիությանը մաս կազմող երկրների, մինչեւ վերջերս, արտահայտվում էր Եվրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւի բովանդակության ու հոդվածների շրջանակներում (18 հունիս 1987 թ.) (1):

Գործածում ենք «մինչեւ վերջերս» բառակապակցությունն այն նկատառումով, որ վերջին ժամանակահատվածում կարող էին ի հայտ գալ նոր դիրքորոշումներ: Իսկ եթե դրանք, այնուհանդերձ, ի հայտ չեն եկել տակավին, ապա մեր խնդիրն է հասնել նրան, որ ի նպաստ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման, դրանք ի հայտ գան Եվրոպական պառլամենտի (եւ ոչ միայն Եվրախորհրդարանի) դիրքորոշումներում:

Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման Եվրոպական պետությունների որոշումներում հիմնականում նշվում է Հայերի ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, բայց ոչ հատուցման հարցերը, ի տարբերություն օրինակ՝ Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատների ճանաչման ու դատապարտման բանաձեւի, որտեղ նշվում է ոչ միայն հատուցման, այլեւ այդ հարցում հայ ժողովրդին Բոլիվիայի անվերապահ աջակցության մասին, քանի որ Բոլիվիան, ինչպես նաեւ Եգիպտոսը, սահմանափակված չեն Եվրոպական պառլամենտի ընդունած բանաձեւի շրջանակներում (2):

Եվրոպական պառլամենտի վերոհիշյալ բանաձեւում Հայկական Հարցի քաղաքական լուծման Եվրոպական հայեցակարգը շարադրված է հետեւյալ կերպ.
ա) Հայերի կոտորածն ու բռնագաղթը տեղի է ունեցել 1915-1917 թթ., որը որակվում է որպես ցեղասպանություն համաձայն ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ.),
բ) հակառակ դրան, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, ներկայի Թուրքայի Հանրապետությունը որեւէ կերպ պատասխանատու չէ դրա համար, բացի բարոյական պատասխանատվությունից,
գ) եւ երրորդ, որ Հայկական Հարցի լուծումը իջեցված ու հավասարեցված է Թուրքիայի Հանրապետությունում փոքրամասնությունների իրավունքներին, դրանց վերականգման ու իրականացման հարցին, այդ կարգավիճակին:

Եվրոպական պառլամենտի բանաձեւի 2 հոդվածի առաջին պարբերության մեջ նշված է. «Եվրոպական պառլամենտը…
Գտնում Է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի, ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին»:

Եվրոպական պառլամենտի բանաձեւի 2 հոդվածի երկրորդ պարբերության մեջ գրված է.
«Եվրոպական պառլամենտը…
Նշում Է միաժամանակ, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար եւ ամենայն հաստատակամությամբ ընդգծում Է, որ պատմական այդ իրադարձությունների ճանաչումը որպես ցեղասպանության` առիթ չի կարող հանդիսանալ քաղաքական, իրավական կամ նյութական որեւէ պահանջի այսօրվա Թուրքիայի նկատմամբ»:

Բանաձեւի 5-րդ հոդվածում փոքրամասնությունների իրավունքների մակարդակին իջեցված պարբերությունը (պարբերություններից մեկը, եթե ոչ գլխավորը) ձեւակերպված է այսպես.
«Նկատի ունենալով տեղի ունեցած (հայ ժողովրդի) ողբերգությունը, միանում է ազգային ինքնատիպությունը զարգացնելու նրա ցանկությանը, երաշխավորելու իր իրավունքները որպես փոքրամասնություն եւ անարգել օգտվելու մարդու եւ քաղաքացիների իրավունքներից, ինչպես որ դրանք սահմանված են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներում ու նրա համապատասխան արձանագրություններում»:

Այսինքն, այդ ամենը հանգեցվում է երկխոսության եւ Թուրքիայի Հանրապետության մեջ փոքրամասնությունների՝ հայերի եւ այլ ազգերի, իրավունքներին, ինչպես նշված է նաեւ բանաձեւի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում.
«3. Պահանջում է (Եվրոպական) Խորհրդից ճնշում գործադրել ներկայիս թուրքական կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի 1915-1917 թվականների հայերի հանդեպ կազմակերպված ցեղասպանությունը եւ այդպիսով նպաստի քաղաքական երկխոսության հաստատմանը Թուրքիայի եւ հայերի լիազոր պատվիրակների միջեւ:
4. Ելնում է նրանից, որ հայ ժողովրդի դեմ անցյալում երիտթուրքական կառավարության կողմից գործադրած ցեղասպանության մերժումը ներկայիս թուրքական կառավարության կողմից, Հունաստանի հետ գոյություն ունեցող վիճելի հարցերում միջազգային իրավական նորմերի կիրառումից հրաժարումը Կիպրոսում, թուրքական օկուպացիոն զորքերի պահպանումը, ինչպես նաեւ քրդական իրադարձությունների ժխտումը, այդ երկրում (Թուրքիայում) իսկական պառլամենտար դեմոկրատիայի բացակայությունը, անհատական, հասարակական ու հատկապես կրոնական ազատությունների ոտնահարումը՝ այս ամենը հանդիսանում են անհաղթահարելի արգելքներ Եվրոպական Տնտեսական Համագործակցության կազմի մեջ Թուրքիայի հնարավոր ընդունման հարցի քննարկման համար»:

Ավելորդ չէ ասել, որ դեռեւս 1987 թ. հունիսի 18-ին ընդունված այս դիրքորոշումը չի համապատասխանում Հայկական Հարցի լուծման իրավական – քաղաքական բովանդակությանն ու սկզբունքներին, հատկապես, եթե նկատի առնվի, որ Հայկական Հարցի լուծման ուղղությամբ 1918-20 թթ. արդեն իսկ ընդունվել են որոշումներ, այդ թվում՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին», 11 հունվար 1918 թ.), Հայաստան պետության (նկատի ունենալով միացյալ Հայաստանը՝ արեւելյան եւ արեւմտյան) անկախության դե ֆակտո (de facto) ճանաչումը Փարիզի Վեհաժողովի ժամանակ՝ Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (19 հունվար 1920 թ.) եւ դե յուրե (de jure) ճանաչումը Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից (11 մայիս 1920 թ.), Սեւրի Խաղաղության պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները (10 օգոստոս 1920 թ.), ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը (22 նոյեմբեր 1920 թ.) եւ այլ որոշումներ, որոնք սակայն հետագայում շրջանցվել ու մոռացության են մատնվել Եվրոպական պետությունների ու նրանց կառույցների կողմից (3):

Ավելին, մեր ժամանակներում, երբ համեմատում ենք Եվրոպական պառլամենտի «Հայկական Հարցի քաղաքական լուծման մասին» բանաձեւը եւ Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված արձանագրությունները, համոզվում ենք, որ արձանագրությունները նույնությամբ կրկնում են բանաձեւի ձեւակերպումները եւ իրավական, քաղաքական ու բովանդակային իմաստով կազմում են բանաձեւի շարունակությունը (4):

Հետեւաբար, այս փաստերից մեկնած, պետք է ասել, որ այն հայկական կառույցներն ու կազմակերպությունները, որոնք հավակնում են Հայոց իրավունքները պաշտպանել Եվրախորհրդարանի եւ կամ Եվրոպական այլ կառույցների հետ համագործակցության միջոցով, պետք է հստակ պատկերացնեն, որ դրանք չեն ներկայացնում Հայկական Հարցի եւ Հայոց իրավունքների պաշտպանության իրական պատկերը եւ, ըստ այդմ, պետք է իմանան, որ խնդիր ունեն Եվրախորհրդարանի եւ Եվրոպական այլ կառույցների դիրքորոշման մեջ փոփոխություն իրականացնել: Այլ կերպ Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման հնարավոր չէ հանգել եւ շատ ավելի հավանական է կցորդ դառնալ այդ կառույցների ժամանակակից քաղաքականության, որ իրականացվում է Մերձավոր Արեւելքում եւ որը ամենեւին չի բխում տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների անվտանգության ու իրավունքների շահերից (5):

Ամեն կերպ պետք է խուսափել կցորդի կարգավիճակում հայտնվելու բախտից եւ գնալ Հայոց բոլոր իրավունքների պաշտպանության ճանապարհով եւ դրա նկատմամբ պետությունների, կողմերի ու կառույցների դիրքորոշման փոփոխության ու ճշգրտման՝ այնպես, ինչպես դա պահանջում է Հայկական Հարցի վերջնական եւ ամբողջական լուծման վերոնշյալ թղթածրարի իրավական – քաղաքական բովանդակությունը (6):

(Շարունակելի՝ «Հայկական Հարցի լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը»)

Տիգրան Փաշաբեզյան`

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ

 

Թարգմանությունը ռուսերենից՝ «Նոյան Տապան» Լրատվական գործակալության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031