ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն այսօր ԱԺ-ում 1000 դրամ պարտադիր վճարի մասին օրենքի նախագծի հետ կապված իր ելույթում հիշեցրեց, որ մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ունենք եւ այդ 1000 դրամները, որ պիտի վճարենք հիմնադրամին, վճարելու ենք ի խորոց սրտի. «Այդ 1000 դրամները, որ մեր աշխատավարձից պահելու են, մենք ամեն գիշեր, երբ աշխատանքից տուն ենք գնալու, հասկանալու ենք, որ մի չնչին շյուղ, մի բան արել ենք»:
Ըստ նրա, ամոթ է ԱԺ-ում խոսել, թե ով ինչ է անում ու ինչ է արել բանակի համար, երբ նայում ես փաստաթղթերը, տեսնում ես իրականում ով ինչ է արել ու ինչ չի արել. «Ամոթ է, հերիք է, էլի: Մարդիկ ավելի շատ բան անում են ու չեն ասում: Մարդիկ լուռ գնում են զոհվածների տները, անում են իրենց հոգու պարտքը եւ չեն խոսում այդ մասին: Ուղղակի ամոթ է խոսել դրա մասին: Թարգե՛ք այս նախընտրական բաները»:
Ըստ նրա, իշխանությունը, ՊՆ նախարարը շատ էլ լավ գիտեն ինչ են անում ու պետք չի իրենց խելք սովորեցնել. «Պետությունը իր պարտքից չի հրաժարվում, մենք բոլորս այդ բյուջեն, որ հատկացնում ենք բանակին, հատկացրել ենք ու պիտի հատկացնենք»:
Պատգամավորն ասաց, որ այս օրենքը կապ չունի բյուջեի հետ: Ըստ Մարգարիտ Եսայանի, ելույթներով ու հայտարարություններով ոչինչ չեն փոխում, իսկ իշխանությունը գնում է փոփոխությունների ճանապարհով. «Դուք առայժմ միայն խոսում եք, եկել եմ դա ասեմ»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ սկզբում մտածում էր, որ բարձր աշխատավարձ ստացողները, օրինակ, ինքը իր ամեն ստացած 50 հազար դրամից 1000 դրամ վճարի, առաջարկ ներկայացնի, որ բարձր աշխատավարձ ստացողները շատ վճարեն, բայց իրեն համոզիչ է թվացել ՊՆ նախարարի մոտեցումը, որ բոլորը պետք է հավասար վճարեն, իսկ շատ վճարել ցանկացողը, միեւնույն է, վճարում է:
Ելույթի վերջում Մարգարիտ Եսայանը պատգամավորներին խորհուրդ տվեց. «ՊՆ նախարարն ասում է՝ ժողովուրդ ջան, եթե դեմ եք, մի քվեարկեք, էդ էլ չեն հասկանում: Այսինքն, ո՞նց անենք, որ դուք դա էլ հասկանաք: Մի քվեարկեք, էլի, էդ անտեր դեմ-ի կոճակը գոնե այս օրենքի նախագծի համար մի սեղմեք: Կողմ չեք՝ հասկացանք, սկզբունքային եք, բայց չի կարելի այդքան մեծ-մեծ խոսեք»: Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ դեմ էր քվեարկել 3 պատգամավոր՝ Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը եւ Լեւոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է պարտադիր բառին, այդ բառի մեջ Մարգարիտ Եսայանը մահակ չի տեսնում. «Այդտեղ քնքշանք կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ