Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկերը թմրանյութի պես մի բան են դարձել գործարարների համար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 16:49

«Կայունացած ընտանիքս քայքայվեց, որդիս ստիպված բռնեց գաղթի ճամփան` իրանց սին խոստումների պատճառով: Տղաս աշխատող տղա էր, ասեց պապա` մենք անդունդն ենք գնում»,-հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է Հայկազ Ասատրյանը, որը «վարկերի տակ մնացած» Աղավնաձորի գյուղացիներից մեկն է:

Այսօր աղավնաձորցի գյուղատնտեսը նույնպես մասնակցում էր Միասնություն համազգային շարժման նախաձեռնած վարկերի տրամադրմանն առնչվող հիմնախնդիրների քննարկմանը: Տույժ ու տուգանքով Հայկազ Ասատրյանի վարկը եկել հասել է 2 միլիոն 600 հազարից ավելին եւ օրական էլ 5 հազարից ավելի դրամով այն ավելանում է:

Իրավաբան Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, բանկային ոլորտում մի շարք խոչընդոտներ կան, որոնք դժվարացնում են ոչ միայն գործարարների այլեւ քաղաքացիների կյանքը. «Երբ բանկոմատը քարտը կուլ է տալիս, հինգ օր է տեւում մինչեւ տալիս են, բայց, երբ վարկդ մեկ օր ուշացնում ես, ամբողջ բանկով ընկած ման են գալիս քեզ»:

Ըստ մեկ այլ մասնակցի, մեր երկրում վարկային բեռ ասվածն ուղիղ իմաստով է եւ իսկապես բեռ է դառնում գործարարի համար, որը բիզնեսը զարգացնելու փոխարեն զբաղվում է վարկային բեռը հաղթահարելու խնդիրներով:

pmdz-2

ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ Վահրամ Ավետիսյանը գտնում է, որ վարկը նման է թմրանյութի. «Վարկերից սկսում են կախվածության մեջ ընկնել եւ մենք ունենում ենք այն պատկերը, ինչը որ այսօրվա իրականությունում արդեն իսկ առկա է: Եթե Երեւան քաղաքի շենքերի վիճակագրությունը հանենք, կտեսնենք, որ շենքերի բնակարանների 70 տոկոսը գրավադրված է: Գյուղերում էլ գրավադրված հողատարածքների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ վաճառքի է դրված»:

Վահրամ Ավետիսյանի խոսքերով, հատկապես գյուղերում բոլորը բոլորին երաշխավոր են կանգնում եւ վերցրած վարկերն էլ նպատակային չեն օգտագործում:

Վահրամ Ավետիսյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Ջրառատ գյուղի բնակիչ, գյուղատնտես Արման Ղուկասյանի խոսքերով, բանկը վարկը տալիս է եւ այլեւս չի հետաքրքրվում, թե այդ վարկով բիզնե՞ս են անում, թե` ռեստորանում քեֆ անում:

Մանրամասները` տեսանյութում

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի տվյալներով, 10 հազար 49 Ա/Ձ արդեն լուծարվել են: Եվ այս պահի դրությամբ էլ 700 միլիոն դոլարի անշարժ գույք է գրավադրված: Նրա ներկայացմամբ, մարդիկ բիզնես են գրանցում, որ վարկ վերցնեն, բայց այդ վարկերը ոչ նպատակային են ծախսում:

Պարոն Մակարյանը նաեւ խնդիր է համարում, որ բանկերը վարկը տալիս, երբ գրավ են պահանջում, անշարժ գույքը գնահատող ընդամենը 3-4 ընկերության հետ են աշխատում: Մինչդեռ տասնյակ ընկերություններ լիցենզիա ունեն. «Բանկը չի հարգում պետության տված լիցենզիան: Իսկ իրենց նախընտրած կազմակերպությունները երեք անգամ էժան են գնահատում գործարարի գույքը եւ բիզնեսի համար անհրաժեշտ վարկն այդպես էլ չի կարողանում գործարարը վերցնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բանկերը աշխատում են խաղատների սկզբունքով՝երբեք չեն պարտվում….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031