Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակին բարեգործության նպատակով հեռադիտակներ են նվիրել՝ հակառակորդի համար զինվորին թիրախ է դարձնում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2016 16:22

Ղարաբաղում իշխանության ներկայացուցիչները ցույց են տվել, որ մարդիկ հեռադիտակներ են գնել, ուղարկել բանակ: Հետո էլ, իմանալով, որ այդ հեռադիտակները չի օգտագործվում, ասել են՝ բա ինչի՞ չի օգտագործվում: Պարզվել է՝ այդ հեռադիտակներն ունեն ինֆրակարմիր ճառագայթ, որ հակառակորդի համար տեսանելի է դարձնում թիրախը:

Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նորից արծարծեց «Մարտիկ» հիմնադրամի փողերի հարցը:

Նա մեջբերեց նախարարի խոսքը, որ «Մարտիկ» հիմնադրամի փողերը ապահով պահած են եւ հարցրեց. «Ես գիտեմ, որ ապահով պահված են բանկերում: Իսկ ինչո՞ւ է ապահով պահած, երբ ապրիլյան պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներն այսօր լրջագույն կարիք ունեն տարատեսակ վիրահատությունների: Օրինակ բերեմ Դանիելին, որի մայրը ամեն շաբաթ զանգահարում է թե՛ ինձ, թե՛ ձեզ: Գիտեք, որ նա գլխի խնդիր ունի, ինչո՞ւ է ապահով պահվում տարբեր բանկերում՝ ԼՂՀ փոխվարչապետի կողմից ղեկավարվող հիմնադրամի փողերը, երբ զինվորները ունեն վիրահատության կարիք ոչ թե ՀՀ-ում, այլ՝ արտերկրում»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ, իր ելույթում խոսելով 1000 դրամ պարտադիր վճարի մասին օրենքի նախագծից, ուշագրավ դեպք պատմեց՝ բանակին հասցեագրված իբր թե օգնություններից. «Մեր բանակը բարեգործության օբյեկտ չի: Մեր բանակը կարեկցանքի օբյեկտ չի, բայց այսօր կան մարդիկ, ակտիվիստներ, որ բանակի համար հանգանակություններ են տանում, իրեր են տանում, էս-էն են տանում: Այո, բայց դա, կներեք, ոնց որ մենք վերցնենք մի կարկատանի կտոր ու ասենք՝ տեսեք մեր շալվարի համար ինչ կարկատան ենք ճարել: Այդ հանրային ակտիվիստները, որոնք զբաղվում են այդ գործով, թող իրենք հավաքվեն մի տեղ, հիմնադրամ ստեղծեն, թող իրենք լինեն հոգաբարձուների խորհուրդը, թող ՊՆ-ի ներկայացուցիչն էլ գա, ներկայացնի ծախսերի առաջնահերթությունների ցուցակը, որ ում մտքով ինչ անցնի…Այո, շատ մարդիկ ապրիլյան պատերազմի օրերին շատ մեծ միջոցներ տվեցին, բայց ում մտքով ինչ անցավ՝ առնում էր: Ղարաբաղում Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները ցույց են տվել, որ մարդիկ հեռադիտակներ են գնել, ուղարկել բանակ: Հետո էլ, իմանալով, որ այդ հեռադիտակները չեն օգտագործվում, ասել են՝ բա ինչի՞ չի օգտագործվում: Պարզվել է՝ այդ հեռադիտակներն ունեն ինֆրակարմիր ճառագայթ, որ հակառակորդի համար տեսանելի է դարձնում թիրախը»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ հարգանքի են արժանի այն մարդիկ, որոնք բանակին մատակարարում են կոշիկով, քնապարկով եւ այլն, բայց բանակը չպետք է դառնա բարեգործության օբյեկտ, զոհվածի ընտանիքն էլ չպետք է դառնան կարեկցանքի սուբյեկտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031