Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 6 հատուկ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է դպրոցի շրջանավարտ, զինվորական պարտականությունների կատարման ընթացքում զոհված Ռոբերտ Մկրտչյանի անունով: Այդ կապակցությամբ կրթօջախում կազմակերպվել է հիշատակի միջոցառում: Դպրոցի հիմնադրման 45-ամյակի առիթով էլ աշակերտների կրթության, դաստիարակության, ինչպես նաև վերջիններիս խնամքի ուղղությամբ տարված աշխատանքների համար Երևանի քաղաքապետի պատվոգրով և շնորհակալագրով են պարգևատրվել դպրոցի տնօրենը, մանկավարժներ և այլ աշխատակիցներ:
Երևանի համար 87 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկն էլ այսուհետ կանվանակոչվի դպրոցի նախկին սան, 1998 թվականին մարտական դիրքերում զոհված Գոռ Օհանջանյանի անունով։ Դասասենյակների բացման հանդիսավոր արարողություններին մասնակցել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, զոհված հերոսների հարազատները, իսկ թիվ 87 դպրոցում` նաև երկրապահ կամավորականների և ազատամարտիկ վետերանների միությունների, «Զինվոր» համակարգող խորհրդի ներկայացուցիչները, համադասարանցիները: Դասարանում տեղադրվել են Գոռ Օհանջանյանի անձնական իրերը, լուսանկարներն ու նրա մասին պատմող նյութերը։ Միջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նաև դպրոցի զոհված սաների հիշատակը հավերժացնող խաչքարին։
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն