Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսելով 1000 դրամ պարտադիր վճարի մասին նախագծից, ասաց, որ տասնյակ կազմակերպություններ եւ հարյուրավոր անհատներ օգնություն են հավաքում զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների համար, բայց այդ օգնությունը հավաքողների սոցիալականի վրա հաճախ ավելի շատ ազդեցություն է լինում, քան օգնությունների հասցեատերերի. «Հիմա Նոր տարի է, եւ շուտով կտեսնենք 5 հատ լիմոնադ, 7 հատ լավաշ, 12 հատ բլինչիկ եւ ամեն բլինչիկի համար 5 րոպեանոց գովազդային ռեպորտաժներ՝ տարբեր ԶԼՄ-ներում: Այս նախագծով մենք շանս ենք ստանում սկսել պրոբլեմի ինստիտուցիոնալ լուծումը, որը հայրենիքի համար զոհված, հաշմանդամ դարձած անձանց երեխաներին կազատի սոցապնախարարությունների ընդունարաններում կամ օլիգարխների դռների տակ օրեր անցկացնելուց»:
Ըստ պատգամավորի, այս նախագծով հնարավոր է այդ հարցը լուծվի: Նախագիծը մերժելու հիմնական փաստարկն այն է, որ այս իշխանությանը չենք վստահում: Բայց Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ եթե մերժում ենք նախագիծը, ստացվում է, որ մենք զոհված զինծառայողի՝ ուսման վարձ վճարել չկարողացող երեխային ասում ենք, բալիկ ջան, քանի որ իշխանությունը թալանչի է, քո հայրն էլ այնքան էլ մեր չափ խելք չի ունեցել, որ գնացել է հայրենիքի համար զոհվել, ուրեմն դու գնա օլիգարխների գովազդային կլիպներում մանեկենություն արա կամ օրերդ անցկացրու գերատեսչությունների դռների տակ, մինչեւ մենք կանենք իշխանափոխություն, ՀՀ-ում կհաստատենք օրինականություն, ինչպես մենք անում ենք Հայաստանում ամեն տարի, ամեն գարուն, ձմեռ, աշուն եւ այլն: Իշխանությունը կոռումպացված է, դա չի թեման, բա եկեք կոչ անենք, որ համատարած մարդիկ չգնան բանակ, բոյկոտեն այդ կոռումպացված իշխանության կոռումպացված բանակը»:
Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր տեսակետը՝ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի ընտանիքը չպետք է լինի բարեգործության կամ որեւէ մեկի քմահաճույքի հույսին. «Որ գնում են սելֆիներ են անում, թե տարանք էս, էն արեցինք, նվաստացուցիչ է այդ մարդկանց համար: Մենք այս 1000 դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին»:
Այս խոսքի վրա դահլիճում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բորբոքվեց ու սկսեց տեղից բղավել՝ «Մենք հենց տալիս ենք իրա՛նց, հիմնադրամը իրա՛նցն ա, իրա՛նց ենք տալիս»: Դահլիճում թեժ իրավիճակ ստեղծվեց, ՀՀԿ-ականները սկսեցին Փոստանջյանի հետ վիճել. «Նստի տե՛ղդ»:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանը ոտքի կանգնեց, սկսեց հակադարձել, որ զինծառայողի ընտանիքներին չենք տալիս փողը. «Չի՛ կարելի այդպես ասել»:
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց. «Հարգելի Զարուհի, այդպես եմ ասում, որովհետեւ կա փաստ՝ մարդը զոհվել է, թե չի զոհվել, մարդը հաշմանդամ դարձել է, թե չի դարձել: Եթե զոհվել է՝ մարդու ընտանիքը 10 մլն միանվագը ստացել է, թե չի ստացել: Չեն ասի՝ ես գործ տվող տղա չեմ, որ մեր ախպերների ախպերները ինձնից գողանան իմ հասանելիք գումարը, ես չեմ ասում: Չի՞ ասելու այդ մարդը»:
Փաշինյանն ասաց, որ համոզված է՝ այս նախագիծը բանակի մարտունակությունը բարձրացնում է: Նա հայտարարեց, որ ինքը կողմ է քվեարկելու, որովհետեւ մեր բանակը բարեգործության տեղ չի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ