Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովը, դեկտեմբերի 9-10-ը տեղի ունեցած նիստում ընդունել են Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ կարծիք:
17 էջանոց կարծիքի եզրակացության մեջ ասվում է, որ սահմանադրական օրենքի նախագիծը հիմնականում համապատասխանում է եվրոպական և միջազգային չափանիշներին և շոշափում է այն հարցերը, որոնք պետք է կարգավորվեն Օմբուդսմենի կողմից:
Այնուամենայնիվ, կան մի շարք կարևոր նկատառումներ, որոնք ցանկալի է, որ հաշվի առնվեն նախագծում: Մասնավորապես նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի թափանցիկ և մրցակցային ընտրության համար պետք է առաջարկներ ընդունվեն քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների կողմից, որպեսզի ապահովվի բարձր որակավորում ունեցող թեկնածուի ընտրություն, և գործընթացը ստանա օրինական բնույթ, ինչպես նաև հստակ դրույթներ ներառել Պաշտպանի ֆունկցիոնալ անձեռնմխելիության վերաբերյալ:
Բացի այդ, առաջարկվների մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, պետք է հասանելիություն ունենա բոլոր մասնավոր և հանրային հաստատություններին, որտեղ մարդիկ պահվում են իրենց կամքին հակառակ, այդ թվում՝ «կիսափակ» հաստատություններին, ինչպես նաև երաշխավորի ՀԿ-ների ինստիտուցիոնալ մասնակցությունն իր աշխատանքներին:
Կարդացեք նաև
Բյուջեին վերաբերող առաջարկներում նշվում է, որ պետք է հաշվի առնել ներկայացված կանխարգելիչ քայլերը՝ կամայական կրճատումների դեմ՝ Պաշտպանի ֆունկցիոնալ անկախությունն ապահովելու համար: Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ապահովել գենդերային հավասարակշռություն և բազմազանություն:
Եզրակացության մեջ նաև խորհուրդ է տրվում ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացվածությունը շրջաններում, մասնավորապես նկատի ունենալ շրջաններում Մարդու իրավունքի պաշտպանի ներկայացուցիչներ նշանակելու հարցը՝ ամբողջ երկրի տարածքում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ հասանելիություն ապահովելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ