Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանին կլուծարվի՞

Դեկտեմբեր 13,2016 15:41

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վանաձորի ավագանու նիստը կրկին չկայացավ քվորում չլինելու պատճառով: «Լուսավոր Հայաստանի», ՀՎԿ եւ ԲՀԿ անդամները բոյկոտել էին նիստը:

Aravot.am-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը նշեց, որ նիստերը շարունակվում են չկայանալ առաջին հերթին ՀՎԿ եւ ԲՀԿ-ից այդպես էլ անհայտ մնացած այն չորս անձանց պատճառով, որոնք ապահովել էին Մամիկոն Ասլանյանի համար մեծամասնություն. «Նրանք թույլ չեն տալիս, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչ քաղաքապետն իրացնի իր իշխանությունը: Եթե առաջին նիստին նրանք ներկայանային, մենք պատրաստ էինք նույնիսկ նիստի կեսից միանալ: Բայց շարունակելով ցույց տալ, որ իրենց արարքը միանգամյա գործողություն է եղել և դրանից հետո չեն ապահովում մեծամասնություն, այդ քայլով իրենք վկայում են, որ ոչ թե օգնել են, որ այս մարդը դառնա քաղաքապետ, այլ խանգարել»:

krist-marukyanՊարոն Մարուքյանը, հղում կատարելով օրենսդրությանը, նշեց, որ եթե երեք ամիս շարունակ ավագանու նիստեր չեն գումարվում, ապա կառավարությունը որոշում է կայացնում ավագանու գործունեության դադարման, ավագանու լուծարման մասին: Իսկ այդ ժամկետը լրանում է հունվարի 10-ին. «Հունվարի տասից հետո մենք կդիմենք կառավարությանը ավագանին լուծարելու պահանջով և դրանից հետո կտեսնենք` ինչպես են զարգանում իրադարձությունները»:

Պարոն Մարուքյանը պարզաբանեց, թե ՀՀԿ-ն հոկտեմբերի 10-ին ստացել է 19 քվե, որից 15-ը ՀՀԿ-ի և Դաշնակցության քվեներն էին, իսկ նիստ գումարելու համար հարկավոր է առնվազն 17 հոգի:

Mamikon Aslanyan is elected as Mayof of Vanadzor

Aravot.am-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ո՞րն է պատճառը, որ գոնե այդ չորս հոգին, որ ընդդիմադիր թևից իրեն քվե էին տվել, հիմա չեն ներկայանում նիստերին, որ դրանք կայանան: Պարոն Ասլանյանը պատասխանեց. «Մարդիկ տարբեր դրդապատճառներով չեն ուզում գալ: Գուցե մտածում են, որ կարող են միմյանց վնասել ապագա խորհրդարանական ընտրություններից առաջ, կամ գուցե դրանք այն մարդիկ են, որոնց բացահայտումը կլինի ցավո՞տ մեր հիմնական ընդդիմախոսների համար»:

Փաստեցինք, թե Քրիստ Մարուքյանը հունվարի 10-ից հետո պատրաստվում է դիմել կառավարությանը ավագանին լուծարելու պահանջով: Պարոն Ասլանյանը, չցանկանալով մեկնաբանել Քրիստ Մարուքյանի քայլերը, միայն պնդեց, որ եռամսյա ժամկետ գոյություն չունի. «Օրենքում գրված է հերթական նստաշրջանից երեք ամիս, եթե նիստ չի գումարվում: Իսկ մենք հոկտեմբերի 10-ին արդեն նիստ գումարել ենք: Հերթական նստաշրջանը սկսում է փետրվարի 14-ին և ավարտվում մայիսի 14-ին: Իսկ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 28-ը դեռ երեք ամիս չի լրանում»:

Ըստ պարոն Ասլանյանի` մարդիկ «քաղաքականության մեջ իրենց հաճելի տեղը գտնելու համար նույնքան հաճելի հայտարարություններ են անում»:

Անդրադառնալով իրենց գործունեությանը` Վանաձորի քաղաքապետը նշեց. «Մեզ օրենքով տրված լիազորությունների շրջանակում քաղաքի համար փորձում ենք խնդիրներ լուծել, այլ ոչ թե խոսափողները դրած հարցազրույց ենք տալիս կամ հյուրանոցներում համաձայնագիր ստորագրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031