Ժամանակակից հայ գրող, դրամատուրգ Վահրամ Սահակյանը այլ մշակութային գործիչների թվում օրերս այցելել է Արցախ ու հանդիպում ունեցել ՀՀ եւ Արցախի նախագահների հետ:
Aravot.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ տպավորված է արցախյան այցից, ու փոփոխություններ է նկատել Արցախում: «Հանդիպեցինք Արցախի նախագահի, տեղի մշակույթի նախարարի, մշակույթի գործիչների հետ: Բացի դրանից` շատ կարեւոր էր Հայաստանի ստեղծագործող մարդկանց հետ հանդիպումն ընդհանրապես: Կային տարբեր սերունդների մարդիկ, որոնց թվում էին Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը, ավելի երիտասարդ տարիքի ստեղծագործողներ: Մենք զինվորական վաշտեր գնացինք, տպավորիչ էր»,-ասաց մեր զրուցակիցը:
Հետաքրքրվեցինք` նախագահների հետ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչները՝ մասնավորապես ինքն, ի՞նչ մտահոգություններ է արծարծել կամ առաջարկներ արել:
«Ես կոնկրետ մտահոգություններ եմ հայտնել Արցախի նախագահին, օրինակ` ինչ ուղղվածություն պետք է ունենա այսօրվա արվեստագետը, ստեղծագործողը, որ կարողանա ազատվել այնպիսի արմատացած խնդիրներից, ինչպիսիք են կեղծ հայրենասիրությունը, կոմունիստների ժամանակներից եկած կեղծ ռազմահայրենասիրական խոսքերը, ինչը բացասաբար կարող է ազդել երիտասարդ սերնդի վրա: Նաեւ մտահոգություն հայտնեցի, որ բանակում հանկարծ տարածում չգտնի այսպիսի երեւույթ՝ ես գյումրեցի եմ, ես ապարանցի եմ, ղարաբաղցի եմ…Պարոն նախագահը՝ Բակո Սահակյանն ասաց, որ այդ խնդիրը հնացած է, եւ 90-ականների վերջերից բանակում, զինվորների շրջանում չկա նման բան: Էլի հարցեր բարձրացրի, որոնք այս պահին թվարկել չեմ կարող»,-հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Վահրամ Սահակյանը նաեւ հայտնեց, որ հանդիպման ժամանակ մշակույթի գործիչները ներկայացրել են, թե ինչ աշխատանք են կատարել եւ ինչ խնդիրներ պետք է լուծվեն իրենց ոլորտներում, մասնավորապես, Տիգրան Մանսուրյանը խոսել է Դիլիջանի կոմպոզիտորների տան վերանորոգման մասին:
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ 1000 դրամով բանակին օգնելու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնության մասին, որը բավականին աղմուկ է հանել: «Կոնկրետ դրա մասին չեմ խոսի, բայց կասեմ, որ բանակի վերաբերյալ մտահոգություններս տեղ են գտել «Mea Culpa -2» նախագծում, որը հնարավոր է ներկայացվի՝ փետրվարին: Այնտեղ հիմնականում խոսվում է բոլոր ժողովուրդների բանակների մասին՝ այդ թվում Իսրայել եւ այլն: Ներկայացման մեջ բանակի կարեւորության հարցը բարձրացված է այնպիսի տեսանկյունից, որ գրեթե ո՛չ մամուլում է արծարծվում, ոչ էլ պատմաբաններն են խոսում այդ մասին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ