1000 դրամ պարտադիր վճարի մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ այսօր քննարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում:
ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, որ այս ընթացքում հասարակության լայն շերտերի հետ քննարկումներ է անցկացրել՝ հասկանալու համար մտահոգությունները: Պատգամավորների որոշ առաջարկություններ նույնպես հաշվի են առել: Առաջարկությունները հիմնականում վերաբերում են օրենքի հետադարձ ուժի, նաեւ նախատեսվող միջոցները այլ աղբյուրներից հավաքագրելուն:
Նախարարի խոսքերով՝ մինչ այս օրենքը ուժի մեջ մտնի, տեղի ունեցած դեպքերի համար հատուցումը կարող է իրականացվել բացառապես օգնության կարգով՝ կապված հիմնադրամի ֆինանսական հնարավորությունների հետ, եթե հնարավոր լինի լրացուցիչ միջոցներ ներգրավել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նիստի ժամանակ հիշեցրեց իր առաջարկը, որ տարբերակված մոտեցում ունենան, աղքատության շեմին գտնվողներն ազատվեն վճարից, իսկ հարուստները վճարեն կրկնակի, քառակի:
Կարդացեք նաև
«Դրոշմանիշային վճարը ՀՀ պետբյուջե վճարվող պարտադիր վճար է եւ չպետք է առնչություն ունենա անձի կողմից աշխատավարձի միջոցով ստացված եկամտի չափի հետ»,- ասաց նախարարը՝ մերժելով այդ առաջարկը, որ հարուստները ավելի շատ վճարեն, քան ցածր աշխատավարձ ունեցողները:
Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից միջոցներ ներգրավելու առաջարկներին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ հնարավոր այլ աղբյուրները կարող են ունենալ միայն լրացուցիչ օժանդակ նշանակություն, իսկ պարտադիր վճարը գործելու է:
Նախարարը այս անգամ էլ խնդրեց պատգամավորներին, որ եթե ինչ-ինչ պատճառներով դեմ են, չմասնակցեն քվեարկությանը կամ գոնե ձեռնպահ լինեն:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հիշեցրեց իր առաջարկը, որ հիմնադրամի միջոցների հաշվին վճարվեն ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքներին, այլ՝ առհասարակ՝ զինծառայության ընթացքում. «Դուք մերժել եք, կուզեի հիմնավորեիք: Բարոյական տեսանկյունից բոլորը հավասար հարթության մեջ են՝ անկախ նրանից, թե որ դիրքում է եղել այդ մահը կամ հաշմանդամությունը»:
Նախարարը պատասխանեց, որ խնդիր է դրված տարանջատել այն զինվորներին, որոնք մարտական հերթապահության մեջ են եղել. «Դա բացարձակ այլ ձեւաչափ է ծառայության՝ շատ բարձր ռիսկայնության, մեծ նվիրում, զգոնություն պահանջող: Մենք ուզում ենք, որ այն մարդկանց, որոնք հատուկ առաջադրանք են կատարում, մարտական գործողությունների են մասնակցում, տարանջատել նման հնարավոր այլ դեպքերից, հատկապես՝ ծառայության ընթացքում կենցաղային որեւէ պատճառով առաջացած հաշմանդամությունից կամ մահվան դեպքից»: Նա հիշեցրեց, որ հատուկ օրենսդրություն կա՝ զինհաշմանդամների համար, ուստի այս օրենքը այլ կատեգորիայի խնդիր է լուծում:
Բիշարյանը նաեւ հարցրեց՝ այս նախագիծը ապրիլյան պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինվորների վրա տարածվելո՞ւ է, թե՞ ոչ: Նախարարը պատասխանեց, որ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու պարագայում որոշ խնդիրներ հնարավոր է լուծվեն:
Էդմոն Մարուքյանը դժգոհեց, որ պատգամավորների հիմնական առաջարկները մերժվել են. «Դուք մերժել եք այլ աղբյուրներից ֆինանսավորելը, պրոգրեսիվ հարկումը, հետադարձ ուժը եւ ասում եք՝ կառավարությունը նոր մոտեցում է բերել, սա նոր մոտեցում է: Պտտվում-պտտվում, ասում եք՝ քաղաքացիներ, եկեք հարկումը ձեր վրա ավելացնեք: Ես նոր մոտեցում չեմ տեսնում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ