Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդում քննարկվել է Հայաստանի եւ այլ երկրների կողմից ՄԻԵԴ-ի որոշումների իրականացման հարցը

Դեկտեմբեր 13,2016 14:41

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն դեկտեմբերի 7-9-ը Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետությունների մասնակցությամբ անցկացրել է 2016թ. «Մարդու իրավունքների» 4-րդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է երկրների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների իրականացման հարցը: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը վերաբերում է Հայաստանին, Վրաստանին Ադրբեջանին, Թուրքիային, Ուկրաինային, Ալբանիային, Բոսնիա և Հերցոգովինային Բուլղարիային, Հունգարիային, Իտալիային, Լիտվային, Մոլդովայի Հանրապետությանը, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանի Դաշնությանը, Սերբիային, Սլովենիային, Միացյալ Թագավորությանը:

Հայաստանին վերաբերվող հայտարարությունում նշվում է, որ Կոմիտեն ողջունում է Գրիշա Վիրաբյանի գործով դատական գործընթացի ավարտը և ուշիուշով հետևում է Նալբանդյանների գործով դատական գործընթացի վերաբացմանը: Կոմիտեն նաև կոչ է անում Հայաստանի իշխանություններին իրեն տեղյակ պահել վերաբացված գործընթացների մասին, այդ թվում այն կոնկրետ քայլերի, որոնք ձեռնարկվել են Եվրոպական դատարանի մատնանշած բացթողումները լրացնելու ուղղությամբ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Կոմիտեին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել՝ կապված դատական գործընթացների մասնակիցների անվտանգության վերաբերյալ, և կոչ է արվում Հայաստանի իշխանություններին տեղեկություններ տրամադրել այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Բացի այդ, Կոմիտեն փաստում է, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի վերջին զեկույցի համաձայն նվազել է ոստիկանությունում վատ վերաբերմունքի դեպքերը, չնայած որ այդ երևույթն ամբողջությամբ չի վերացել, ուստի կոչ է արվում իշխանություններին շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները:

Կոմիտեն նաև հրապարակել է այն գործերի ցանկը, որոնք նախատեսվում է առավել մանրամասն ուսումնասիրության ենթարկել 2017թ. մարտի 7-9-ը կայանալիք «Մարդու իրավունքների» հաջորդ հանդիպմանը: Այսպես, մարտի հանդիպմանը կքննարկվեն Ադրբեջանին, Խորվաթիային, Հունաստանին, Լեհաստանին, Ռումինիային, Ռուսաստանին, Սերբիային, Մակեդոնիային Նախկին Հարավսլավական Հանրապետությանը, Թուրքիային և Ուկրաինային վերաբերող գործեր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031