«Շատ կազմակերպություններ ավանդապահ են եւ փորձում են իրենց հաջողությունը պայմանավորել նրանով, որ կայուն են այն հիմքերի վրա, որոնցով սկսել են»,- դեկտեմբերի 13-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կազմակերպությունների զարգացման եւ կոնֆլիկտների կառավարման միջազգային մասնագետ Ֆրիդրիխ Գլազլը:
Նա նշեց, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները պետք է ազդեցություն ունենան կազմակերպությունների վրա. «Եթե աշխարհում փոփոխություններ են տեղի ունենում, եւ կազմակերպությունը չի հարմարվում այդ փոփոխություններին, իր մեջ վտանգ կարող է պարունակել: Կարեւոր է քաջատեղյակ լինել, թե ինչպես կարելի է այդ փոփոխություններն իրականացնել, օրինակ՝ եվրոպական փորձից ելնելով բազմաթիվ օրինակների եմ հանդիպել, երբ փորձում են փոփոխություններ կատարել ոչ ճիշտ մեթոդներով: Եթե դա ճիշտ չի կատարվում, ապա հաջողություն չի կարող բերել»:
Ֆրիդրիխ Գլազլը բերեց սխալ օրինակ, երբ կազմակերպությունը ուժի միջոցով պարտադրում է որեւէ փոփոխություն. որպես կանոն դա չի աշխատում. «Փոփոխությունները չեն լինում, եթե նրանք ղեկավարության հրամայականի ներքո են լինում, դա հաջողության չի բերում: Երբ մարդ այդ ճանապարհով է գործում եւ փորձագետներ է հրավիրում, որպես կանոն կազմակերպության ներուժը թուլանում է, աշխատողների մոտիվացիան պակասում է: Այդ սխալ մեթոդներից կարելի է խուսափել այն դեպքում, երբ ամբողջ աշխատակազմը պետք է գիտակցի, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն, եւ այդպես աշխատակիցները կապվում են կազմակերպության հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ